Թեհրանը դեմ չէ TRIPP ծրագրի իրականացմանը, եթե այն չի վնասում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, իսկ տարածաշրջանում բացառվում է ԱՄՆ-ի ռազմական կամ անվտանգային ներկայությունը։ Այս մասին «ԱՊՐԻ Ֆորում 2026»-ի շրջանակում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ ընդգծելով, որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն։
«Ադրբեջանի ղեկավարները դեռևս շատ բացահայտ և ուղղակիորեն խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Մենք նույնպես հստակ արտահայտվում ենք այն փաստի շուրջ, որ որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հասցվող որևէ վնաս անընդունելի է։ Սա TRIPP ծրագրի իրականացման առաջին նախապայմանն է»,- նշել է դեսպանը։
Խալիլ Շիրղոլամիի փոխանցմամբ՝ երկրորդ անհրաժեշտ նախապայմանը հարևան տարածքներում ամերիկյան ռազմական կամ անվտանգային գործոնի բացառումն է։ Այս երկու պայմանների պահպանման դեպքում Իրանը որևէ պատճառ չունի դեմ լինելու նախագծին, եթե այն նպաստելու է հայ ժողովրդի զարգացմանն ու բարօրությանը։
Ներկայացնելով Հարավային Կովկասի վերաբերյալ Թեհրանի հայեցակարգային մոտեցումները՝ դեսպանը շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղության հիմքը պետք է լինի առկա կարգավիճակի
պահպանումը։ Նրա խոսքով՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ձևավորել ուժերի իրական հավասարակշռություն, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Իրանական կողմը վերահաստատել է իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նշելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի դառնալու կապող հանգույց Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի և Սև ծովի միջև։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ դեսպանն արձանագրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, ԵՄ-ին ու ԱՄՆ-ին մերձենալու կուրսը որոշակի մարտահրավերներ են ստեղծում partner-ության պահպանման տեսանկյունից, սակայն Թեհրանը ծրագրում է երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի և ինստիտուցիոնալացնել դրանք։