Հայկական հետքի վերացում, ոչ թե մշակութային յուրացում․ Պետրոսյանը՝ Ադրբեջանի նոր նախաձեռնությունների մասին

Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում հունիսի 22-ին անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոնը, որի ընթացքում հերթական անգամ հնչեցվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու մշակութային ժառանգությանը վերաբերող վիճակահարույց հայտարարություններ։

Փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսներում ներկայացվել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» տարբեր շրջանները։ Ցուցադրություններում օգտագործվել է Հայաստանի Հանրապետության քարտեզը, որը ներկայացվել է որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Բացի այդ, միջոցառման ընթացքում որպես երաժշտական ուղեկցություն օգտագործվել է հայկական ժողովրդական «Քոչարի» պարը՝ առանց դրա հայկական ծագման մասին որևէ հիշատակման։ Ցուցադրվել են Հայաստանի տարբեր վայրերում արված հին լուսանկարներ, այդ թվում՝ Երևանի Հանրապետության հրապարակից և Վայոց ձորի Նորավանք վանական համալիրից, որոնք ներկայացվել են որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» պատմական հիշողության մաս։

Փառատոնի ընթացքում Ադրբեջանի պաշտոնյաներն ու «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչները կրկին խոսել են «վերադարձի իրավունքի» մասին՝ հայտարարելով, որ նման միջոցառումները ապագայում պետք է անցկացվեն նաև ՀՀ տարածքում գտնվող վայրերում, այդ թվում՝ Զանգեզուրում։

Թե ինչ են նշանակում նման գործընթացները, որքանով են դրանք վտանգավոր պատմական հիշողության և մշակութային ժառանգության տեսանկյունից, ինչպես նաև ինչ հնարավորություններ ունի Հայաստանը միջազգային հարթակներում արձագանքելու համար, MediaHub-ը փորձել է պարզել՝ զրուցելով մշակութաբան Համլետ Պետրոսյանի հետ։

Մեր հարցին, թե ինչ է նշանակում Հայաստանի պատմամշակութային ժառանգության և տարածքների նման ներկայացումը, մշակութաբանը նշեց, որ իր գնահատմամբ՝ խնդիրը մշակութային յուրացման մասին չէ, այլ հայկական հետքի վերացման քաղաքականության։

«Իրենք մեր մշակույթը վերացնում են, ոչ թե յուրացնում։ Իրենց հիմնական խնդիրն այն է՝ վերացնել այն ամենը, ինչն իրենք համարում են օկուպացիոն։ Այսինքն՝ ասում են՝ տեսե՛ք, Հայաստանը նվաճել է Ադրբեջանի մի մասը և իր ձեռքին պահել 30 տարի, և այդ ժամանակ ինչ կառուցվել է, ինչ-որ իմաստ ունի կամ ճարտարապետական արժեք է ներկայացնում, ենթակա է անխնա ոչնչացման։ Ու դա պարզ, բացահայտ հայտարարվում է։ Սա, ցավոք, քաղաքակրթական բախում է, ոչ թե երկու երկրների։ Արարող ժողովրդի արարածը յուրացնելու քաղաքականությունը թուրքերը վարում են դեռ սելջուկյան արշավանքներից սկսած, ու սա դրա շարունակությունն է, իսկ հայկական հանրույթը, ի դեմս իշխանությունների, ավելի հակված է որևէ պետական, քաղաքական, հեռատես գնահատական չտալ։ Ադրբեջանը, իհարկե, մեխանիզմներ ունի և քայլ առ քայլ դա իրականացնում է։ Սա հայերի պարտությունն է, որը շարունակական գործընթաց է»,- ասաց Պետրոսյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է վտանգավոր, երբ պատմական քարտեզներն ու մշակութային օբյեկտները քաղաքական նպատակներով ներկայացվում են նոր մեկնաբանություններով, Պետրոսյանը խոսեց նաև հասարակական վերաբերմունքի մասին։ «Մենք ո՞վ ենք։ Այս հասարակությունը միադեմ ու միակերպ չէ։ Շատերի համար լավ է, ասում են՝ բենզինը թող էժան լինի։ Հայերը պատրաստ են ցանկացած միջավայրում ապրել, մենակ թե իրենց բավարար լինի։ Դարավոր հնազանդությունը հայերին սովորեցրել է յոլա տանել առկա իրավիճակը և ոչինչ չնախաձեռնել»,- նշեց մշակութաբանը։

Հարցին, թե միջազգային մակարդակում ինչ գործիքներ ունի Հայաստանը նման դեպքերին արձագանքելու համար, մշակութաբանը համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրության արձագանքը սահմանափակ է լինելու։

«Միջազգային հանրության վեճը չէ։ Եթե Ադրբեջանը վաղը հարձակվի, Հայաստանը գրավի, հազիվ թե որևէ մեկը մեզ աջակցի։ Կարող է մի երկու ափսոսանքի խոսք հնչի։ Միանշանակ, նման դեպքերը էլի են կրկնվելու։ Ոչ միայն կրկնվելու են, այլ նաև շարունակվելու են։ Չգիտեմ՝ ադրբեջանցիների բնակեցո՞ւմ է լինելու, թե՞ հայերի բնաջնջում, չգիտեմ, բայց մի բան լինելու է»,- եզրափակեց մշակութաբան Համլետ Պետրոսյանը։

Ալիտա Եղիազարյան

Leave a comment