130+ նոր հոդված հայերեն Վիքիպեդիայում՝ թափոնների կառավարման թեմայով
Մեկ ամիս, 14 վիքիխմբագիր, 135 հոդված և ընդհանուր 3.799.714 բայթ ծավալ։ Ամփոփվել է «Վիքիմեդիա Հայաստան»–ի և «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնի» անցկացրած «Թափոնների կառավարում․ արտադրողի և սպառողի ընդլայնված պատասխանատվություն» խմբագրական նախագիծը։
Խմբագրաթոնն անցկացվել է 2026 թվականի մարտին, մեկնարկել է ամսվա առաջին օրն ու շարունակվել մինչև 30-ը՝ խորհրդանշական օր, որն ամբողջ աշխարհում նշվում է որպես Զրոյական թափոնների միջազգային օր: Մեկ ամսվա ընթացքում մասնակից վիքիխմբագիրները թարգմանել ու մշակել են թափոնների կառավարման ոլորտի մասին պատմող 130-ից ավելի հայալեզու, որակյալ հոդված։ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում իականացվող նախաձեռնության նպատակն է նպաստել թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկության բարձրացմանը՝ ստեղծելով թեմատիկ հայալեզու, որակյալ և բաց բովադակություն։
Նախաձեռնության շրջանակում բոլոր նրանց համար, ովքեր Վիքիպեդիայի խմբագրման փորձ չունեին, «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ն մարտի 5-ին անցկացրել է խմբագրման կարողությունների զարգացման առցանց աշխատարան:
Ընդհանուր առմամբ խմբագրական նախագծին ակտիվորեն մասնակցել է 14 խմբագիր։ Նախագծին միացած խմբագիրներից երեքը՝ Հասմիկ Ալպետյանը, Արշալույս Այվազյանը և Ռաֆիկ Մանասերյանը, արժանացան հավաստագրերի և դրամական պարգևների, իսկ Սոֆի Կարապետյանը ստացավ հատուկ մրցանակ՝ ԱԸՊ համակարգում ներառված մի շարք թափոնատեսակների և դրանց վերամշակման վերաբերյալ վիքիհոդվածներ պատրաստելու համար:
Խմբագրական նախագծի ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցների պարգևատրման արարողությունից բացի նախատեսված էր նաև ամփոփ թեմատիկ քննարկում․ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացրեց Հայաստանում թափոնների կառավարման ներկա վիճակն ու Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրմանն ուղղված ընթացիկ քայլերը:
Հանդիպման շրջանակում քննարկվեցին նաև համագործակցության հնարավորությունները։ Հարություն Ալպետյանը ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի անունից շնորհակալագիր փոխանցեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ նախագահ Արշակ Շահենյանին՝ հույս հայտնելով, որ այս նախաձեռնությունը համատեղ գաղափարների իրագործման առաջին քայլն է միայն։
«Շատ ուրախ ենք այս համագործակցության համար, իրականում շատ կարևոր բան ենք արել: Մենք այս թեմայով մեծ պոտենցիալ ենք տեսնում, քանի որ մեզ մոտ կա թափոնների վերաբերյալ որակյալ բովանդակության մեծ պահանջարկ: Եթե 1 ամսում ստեղծվել է 130-ից ավելի հոդված, պատկերացրեք՝ հետագա համագործակցությունն ինչ ծավալ կունենա»,- նշեց Արշակ Շահենյանը:
Խմբագրական նախագիծն իրականացվել է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ։
Նշենք, որ ԱԸՊ համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև թափոնների կառավարման ոլորտում երիտասարդների իրազեկման, կրթական և մասնակցային նախաձեռնությունների խթանման նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրվել «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի և ոլորտային մի շարք այլ ՀԿ-ների ու փորձագետների միջև: