Անվավեր է ճանաչվել Հանրային ռադիոյի տնօրենի որոշումը՝ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին

Փաստաբան Կարինե Ղաշանգյանի ֆեյսբուքյան գրառումը

Անվավեր ճանաչվեց Հանրային ռադիոյի տնօրենի ևս մեկ ապօրինի որոշում

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/4514/02/25 վճռով (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան) անվավեր է ճանաչվել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումը՝ Ռադիոլուր ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին։ Դատարանի գնահատմամբ որոշման համար իրավական հիմք հանդիսացած որոշումը (Հանրային հեռարձակողի խորհրդի 2019թ. 52-Լ որոշումը) և հավելվածը կորցրել են իրենց իրավաբանական ուժը դեռևս 2020 թվականից՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով, ինչպես նաև վիճարկվող հրամանում նշված իրավական հիմքը և կիրառված կարգապահական տույժը չեն համապատասխանում միմյանց։

Հիշեցնեմ, որ Ալիսա Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, Հովհաննես Իշխանյանի գրառմամբ ֆեյսբուքյան հարթակում կիսվելու համար։ Ալիսայի նկատմամբ կիրառվել էր ևս մեկ կարգապահական տույժ՝ նկատողություն, Արամ Աբրահամյանի գրառմամբ կիսվելու համար, որը ևս դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment