Եվրոպան շարունակում է ազդեցության զգալի լծակներ պահպանել Չինաստանի նկատմամբ՝ չնայած Պեկինի տեխնոլոգիական աճող հնարավորություններին և արտադրական գերակայությանը. այս մասին նշվում է ԵՄ Անվտանգային հետազոտությունների ինստիտուտի նոր հրապարակված զեկույցում (European Union Institute for Security Studies Chaillot Paper): «Չինաստան՝ խոցելի տերությո՞ւն։ Ինչպես Եվրոպան կարող է օգտագործել իր տնտեսական լծակները Պեկինի նկատմամբ» վերնագրված զեկույցում դրա հեղինակները՝ տնտեսագետներ Ալիսիա Գարսիա-Էրերոն (Alicia Garcia-Herrero) և Թիմ Ռյուլիգը (Tim Rühlig) պնդում են, որ Չինաստանի կոշտացող արտաքին քաղաքականությունը գնալով ավելի շատ բխում է ոչ թե ինքնավստահությունից, այլ ներքին տնտեսական խոցելիությունից։
Զեկույցի հիմնական միտքն այն է, որ Պեկինի արտաքին քաղաքականությունն այլևս հնարավոր չէ հասկանալ միայն որպես վերելք ապրող երկրի վարքագիծ։ Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը, աճող պարտքային բեռը, ժողովրդագրական անկումը և անշարժ գույքի շուկայի երկարատև ճգնաժամը սկսում են վերաձևավորել ինչպես ներքին կառավարման համակարգը, այնպես էլ միջազգային ռազմավարությունը։ Հեղինակների գնահատմամբ՝ այս ճնշումները Չինաստանին չեն մղում մեղմացման, այլ կարող են նրա ղեկավարությանը դրդել երկրի ներսում ուժեղացնել վերահսկողությունը, իսկ արտաքին հարաբերություններում՝ ավելի հարկադրական վարքագիծ դրսևորել։
Չինաստանի տնտեսական դանդաղումը դառնում է կառուցվածքային
Զեկույցի համաձայն՝ Չինաստանի իշխանությունների 2025-ի համար հայտարարված 5% տնտեսական աճի հետևում իրականում ավելի թույլ պատկեր է։ Աճն արդեն կարող է զգալիորեն ցածր լինել, իսկ առաջիկա տասնամյակում իջնել 2.5%-ից էլ ներքև՝ 2035-ից հետո մոտենալով 1%-ին։
Այդ միտումը պայմանավորված է մի շարք կառուցվածքային ճնշումներով։ Չինաստանում բնակչությունն արագ ծերանում է, ներդրումներից ստացվող արտադրողականության աճը նվազում է, տեղական իշխանությունները ծանրաբեռնված են պարտքերով, իսկ անշարժ գույքի ոլորտը դեռ չի վերականգնվել փլուզումից հետո։ Այս գործընթացները աստիճանաբար քայքայում են այն տնտեսական մոդելը, որի վրա ավելի քան երեք տասնամյակ հիմնվել էր Չինաստանի տնտեսական վերելքը։
Չինաստանի կոմունիստական կուսակցության համար սա միայն տնտեսական խնդիր չէ, այլև քաղաքական մարտահրավեր։ Կուսակցության լեգիտիմությունը երկար ժամանակ հիմնված է եղել նաև կենսամակարդակի շարունակական բարձրացման վրա։ Այդ պատճառով աճի դանդաղումը պետությանը ստիպում է ավելի խիստ վերահսկողություն սահմանել և հանրության սպասումները կառավարել ավելի անմիջական ձևով։
Ավելի շատ կուսակցական վերահսկողություն, ավելի քիչ բացություն
Զեկույցի համաձայն՝ այս իրավիճակի հետևանքներից մեկը կուսակցության վերահսկողության շարունակական ընդլայնումն է ինչպես հասարակության, այնպես էլ տնտեսության նկատմամբ։ Պեկինի՝ տեխնոլոգիաներում, արդյունաբերական արտադրությունում և մատակարարման շղթաներում ինքնաբավության հասնելու քաղաքականությունը ներկայացվում է ոչ միայն որպես տնտեսական ռազմավարություն, այլև որպես խոցելիությանը տրված քաղաքական արձագանք։
Այս տրամաբանության շրջանակում արտաքին կախվածություններից ընտրովի տարանջատումը Չինաստանի ղեկավարության համար դառնում է ռացիոնալ քայլ, նույնիսկ եթե դա նվազեցնում է արդյունավետությունը։ Կապիտալը կարող է բաշխվել պակաս արդյունավետ կերպով, սակայն առաջնահերթությունը տրվում է կայունությանը և քաղաքական վերահսկելիությանը։
Սա նշանակում է, որ եվրոպական ընկերությունները պետք է ակնկալեն ավելի սահմանափակ հնարավորություններ Չինաստանում։ Ներքին թույլ պահանջարկը, տեղական շուկայում սուր մրցակցությունը և ազգային առաջատար ընկերություններին նախապատվություն տվող քաղաքական միջավայրը, ամենայն հավանականությամբ, չինական շուկան կդարձնեն նվազ գրավիչ թե՛ արտահանողների, թե՛ արդեն այնտեղ գործունեություն ծավալող ընկերությունների համար։
ԵՄ-ի բիզնեսի համար սա նշանակում է, որ տնտեսական հաշվարկներում շուկայի չափը այլևս բավարար գործոն չէ․ քաղաքական ռիսկերը գնալով ավելի կարևոր են դառնում։
Գերարտադրությունը ճնշում է ստեղծում արտաքին շուկաներում
Թույլ ներքին տնտեսությունը պարտադիր չէ, որ նվազեցնի Չինաստանի գլոբալ ազդեցությունը։ Ընդհակառակը, զեկույցում նշվում է, որ էլեկտրամոբիլների, մարտկոցների, արևային սարքավորումների և արդյունաբերական մեքենաշինության ոլորտներում գոյացած ավելցուկային արտադրությունը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ցածր գներով արտահանման ուժեղացման։
Սա անմիջական ճնշում է ստեղծում եվրոպական արտադրողների համար։ Չինական ընկերությունները, որոնք օգտվում են պետական աջակցությամբ արդյունաբերական քաղաքականությունից և ավելի մատչելի ֆինանսավորումից, կարող են ագրեսիվ գնային քաղաքականություն վարել ավելի երկար, քան շատ մրցակիցներ։
Հեղինակները զգուշացնում են, որ ներքին պահանջարկի թուլությունը նշանակում է՝ արդյունաբերական գերարտադրությունը կմնա Չինաստանի արտաքին տնտեսական վարքագծի հիմնական առանձնահատկություններից մեկը։ Էժան արտահանումը դառնում է ներքին տնտեսական թուլությունը մեղմելու միջոց, մինչդեռ չինական ներմուծումներից կախվածության աճը մեծացնում է Պեկինի ազդեցությունը առևտրային գործընկերների նկատմամբ։
Էլեկտրամոբիլների, մարտկոցների և արևային սարքավորումների շուկաներում այս միտումն արդեն վերածվում է ռազմավարական մարտահրավերի ԵՄ-ի համար։
Ազգայնականությունը՝ որպես քաղաքական փոխհատուցում
Զեկույցը տնտեսական խոցելիությունը կապում է նաև ազգայնական հռետորաբանության ուժեղացման հետ։
Տնտեսական աճի դանդաղման պայմաններում Պեկինը, ըստ հեղինակների, ավելի մեծապես կհենվի կոշտ հայտարարությունների և առճակատման տարրեր պարունակող դիվանագիտության վրա՝ հանրային ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար։ Երկրի ղեկավարությունն Չինաստանը ներկայացնում է որպես Արևմուտքի մրցակիցներին գերազանցող ուժ նույնիսկ այն դեպքում, երբ ներքին տնտեսական ցուցանիշները թուլանում են։
Այս փոփոխությունը կարևոր է Եվրոպայի համար, քանի որ տնտեսական տարաձայնություններն այժմ ավելի սերտորեն միահյուսվում են ռազմավարական ռիսկերի հետ։ Զեկույցը զգուշացնում է, որ ուժեղացող ազգայնական պատմույթները կարող են խորացնել լարվածությունը Արևելյան Ասիայում և մեծացնել հակամարտության հավանականությունը այնպիսի զգայուն կետերում, ինչպիսին է Թայվանը։
ԵՄ-ի քաղաքական որոշում կայացնողների համար սա նշանակում է, որ Չինաստանի նկատմամբ քաղաքականությունն այլևս հնարավոր չէ առանձնացնել ավելի լայն անվտանգության պլանավորումից։
Պեկինի ազդեցությունը գնալով ավելի հարկադրական բնույթ է ստանում
Հեղինակների գնահատմամբ՝ Չինաստանի միջազգային ազդեցությունն այժմ ավելի քիչ է հիմնվում իր շուկայի գրավչության և ավելի շատ՝ ռազմավարական խոցելի կետերի նկատմամբ վերահսկողության վրա։
Եթե նախկինում Պեկինի հիմնական առավելությունը ներքին շուկայի հասանելիությունն էր, ապա այժմ այն ձգտում է ազդեցություն պահպանել արտադրական գերակայության, մատակարարման շղթաների կենտրոնացման և տեխնոլոգիական կախվածությունների միջոցով։ Չինական ընկերությունները արտահանում են ենթակառուցվածքներ, թվային համակարգեր և տեխնիկական ստանդարտներ, որոնք երրորդ երկրներում կարող են ձևավորել երկարաժամկետ կախվածություն։
Զեկույցում ընդգծվում է, որ հեռահաղորդակցության, թվային ենթակառուցվածքների և կիրառական նորարարության ոլորտներում չինական ներդրումները Պեկինին ազդեցություն են տալիս առևտրից դուրս։ Երբ տեխնիկական ստանդարտներն արդեն ներդրված են, դրանց փոխարինումը դառնում է և՛ թանկ, և՛ քաղաքակապես բարդ։
Սա նաև բացատրում է, թե ինչու յուանի միջազգային կիրառման ընդլայնումը, թեև դեռ սահմանափակ է, շարունակում է ռազմավարական նշանակություն ունենալ Պեկինի համար․ ԱՄՆ դոլարից կախվածության նվազեցումը դիտարկվում է որպես արևմտյան ճնշումների նկատմամբ խոցելիությունը նվազեցնելու միջոց։
Եվրոպան դեռ պահպանում է ազդեցության լծակներ
Չնայած այս միտումներին՝ զեկույցը պնդում է, որ Եվրոպան շարունակում է պահպանել կարևոր բանակցային առավելություններ, քանի որ Չինաստանը դեռևս կարիք ունի ԵՄ-ի միասնական շուկայի, եվրոպական հետազոտական ներուժի և առաջադեմ տեխնոլոգիաների։
Սակայն այդ լծակները աստիճանաբար թուլանում են։
Հեղինակների կարծիքով՝ Եվրոպան պետք է ակտիվ պահպանի այն ոլորտները, որտեղ Չինաստանը շարունակում է կախված մնալ եվրոպական հնարավորություններից։ Դա նշանակում է շուկայի հասանելիությունը կապել փոխադարձ պայմանների հետ, հատկապես այն առաջատար ոլորտներում, որտեղ Եվրոպայի տեխնոլոգիական առավելությունները դեռ զգալի են։
Նրանք ընդունում են, որ նման քայլերը կարող են առաջացնել Պեկինի պատասխան արձագանքը, սակայն ընդգծում են, որ լարվածությունից խուսափելու փորձը երկարաժամկետ առումով կարող է ավելի բարձր գին ունենալ։
Հնդկաստանը՝ որպես Եվրոպայի բազմազանեցման ռազմավարության մաս
Զեկույցում Հնդկաստանը ներկայացվում է որպես այն կարևոր գործընկերներից մեկը, որի միջոցով Եվրոպան կարող է նվազեցնել Չինաստանից չափազանց մեծ կախվածությունը։ Զեկույցի հեղինակները նշում են, որ Եվրոպան պետք է բազմազանեցնի մատակարարման շղթաներն ու արտահանման շուկաները՝ խորացնելով համագործակցությունը այսպես կոչված բազմաբևեռ Հարավի երկրների հետ։
Բազմազանեցումը, ըստ զեկույցի, ավելի իրատեսական ճանապարհ է, քան միայն ներքին արտադրական կարողությունների վրա հիմնված արդյունաբերական արձագանքը։ Աշխատուժի և էներգիայի բարձր ծախսերը սահմանափակում են Եվրոպայի հնարավորությունը՝ ամբողջությամբ փոխարինելու չինական արտադրությունը հենց Եվրամիության ներսում։ Այդ պատճառով Հնդկաստանի նման խոշոր արտաքին գործընկերները ռազմավարական նշանակություն են ստանում հատկապես արտադրության, թվային ծառայությունների և որոշ տեխնոլոգիական ոլորտներում։
Հնդկաստանը կարևոր է նաև քաղաքական առումով։ Ի տարբերություն Արևմուտքի դաշնակցային համակարգում ընդգրկված պետությունների՝ այն պահպանում է ռազմավարական ինքնավարություն և Եվրոպայի հետ համագործակցությունը չի դիտարկում բլոկային հակադրությունների շրջանակում։ Զեկույցում նշվում է, որ նման պրագմատիկ համագործակցությունը կարող է ուժեղացնել Եվրոպայի դիրքերը, քանի որ նույնիսկ կողմ ընտրելուց խուսափող երկրները կարող են մասնակցել առևտրային, ենթակառուցվածքային և արդյունաբերական նախաձեռնություններին, որոնք նվազեցնում են Չինաստանի շուրջ ձևավորված կախվածությունները։
ԵՄ քաղաքականության չորս հիմնասյուները
Զեկույցը ԵՄ-ի համար առաջարկում է ռազմավարական չորս հիմնական ուղղություն։
Առաջինը՝ Եվրոպան պետք է կենտրոնանա իր տեխնոլոգիական առավելությունների պաշտպանության վրա, այլ ոչ թե փորձի արձագանքել յուրաքանչյուր խոցելիության։ Արտահանման վերահսկողությունը, արդյունաբերական քաղաքականությունը և արտաքին ներդրումների վերահսկման մեխանիզմները պետք է ծառայեն այն ոլորտների պահպանմանը, որտեղ Եվրոպան դեռ վճռորոշ առավելություններ ունի։
Երկրորդը՝ բազմազանեցումը պետք է դառնա հիմնական արձագանքը։ Միայն ներքին արտադրության վրա հենվելու փոխարեն եվրոպական ընկերությունները պետք է ընդլայնեն մատակարարման շղթաներն ու արտահանման շուկաները այն երկրների ուղղությամբ, որոնք հեղինակները անվանում են «բազմաբևեռ Հարավ»՝ օգտագործելով առևտրային համաձայնագրեր, հարկային խթաններ և ավելի խիստ գնումների կանոններ։
Երրորդը՝ ԵՄ-ն պետք է ուժեղացնի ճնշմանը հակազդելու իր կարողությունը՝ ավելի ամբողջական կիրառելով Եվրահանձնաժողովի տնտեսական ճնշմանը հակադրելու գործիքը (Anti-Coercion Instrument)։ Զեկույցը խորհուրդ է տալիս պարզեցնել դրա գործարկման ընթացակարգը, որպեսզի Բրյուսելը կարողանա ավելի արագ արձագանքել տնտեսական ճնշումներին։
Չորրորդը՝ Պեկինի հետ դիվանագիտությունը պետք է հստակ հիմնված լինի ազդեցության լծակների վրա։ Հեղինակների կարծիքով՝ երկխոսությունը չպետք է դիտվի որպես ինքնանպատակ գործընթաց, այլ պետք է կապվի իրատեսական պահանջների հետ և անհրաժեշտության դեպքում ուղեկցվի միակողմանի քայլերով։
Ավելի գործարքային փուլ՝ ԵՄ–Չինաստան հարաբերություններում
Զեկույցի ընդհանուր եզրակացությունն այն է, որ Չինաստանի խոցելիությունը ինքնաբերաբար չի նշանակում թուլացում, որը ձեռնտու կլինի Եվրոպային։ Ընդհակառակը, տնտեսական թուլությունը կարող է բերել ավելի սուր մրցակցության, պետության ավելի խոր միջամտության և փոխկախվածությունը քաղաքական գործիք դարձնելու ավելի մեծ պատրաստակամության։
Սա նշանակում է, որ Եվրոպայի հիմնական մարտահրավերը միայն ռիսկերի նվազեցումը չէ, այլև այն հարցի որոշումը, թե ԵՄ-ն որքան ռազմավարական գին է պատրաստ վճարել այսօր՝ ապագայում ավելի խոր կախվածությունից խուսափելու համար։ Զեկույցը ենթադրում է, որ ԵՄ–Չինաստան հարաբերությունների հաջորդ փուլը պակաս կկապվի լավատեսության վրա հիմնված հարաբերությունների հետ։
Բրյուսելի համար ուղերձը հստակ է՝ ազդեցության լծակները դեռ գոյություն ունեն, սակայն դրանք հավերժ չեն պահպանվելու։
The post ԵՄ անվտանգության զեկույցը Եվրոպային կոչ է անում օգտագործել Չինաստանի նկատմամբ տնտեսական լծակները appeared first on CIVILNET.