Եղիշե Չարենցի ծննդյան 129-ամյակի միջոցառումների շրջանակում բանաստեղծի տուն- թանգարանը կազմակերպել է բացառիկ նմուշի ցուցադրություն՝ «Չգրված թուղթ» խորագրով: Aravot.am-ի հետ զրույցում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը նշեց, որ այն փրկվել է Չարենցի մյուս ձեռագրերի հետ, որոնք հետո վերծանվել ու հրատարակվել են: «Դրանց մեջ եղել են նաեւ չգրված թղթեր, այդ տետրակն է եղել, որտեղ դեռ պետք է ծնվեին Չարենցի գործերը: Սա լուռ վկայությունն է այն ժամանակի եւ իրադարձությունների, որի հետ կապվում է Չարենցի կյանքի վերջին շրջանը»,-ասաց Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ ցուցանմուշը եղել է թանգարանում, բայց երբեւէ չի ցուցադրվել: Թանգարանում այն ներկայացված էր այնպես, ինչպես կարող էր լինել հողի տակ՝ տակառում փակված:
«Չգրված թուղթ» ցուցադրությունը «Լուռ ներկեր. Ռեգինա Ղազարյան՝ հիշողության պահապան» ցուցադրության գաղափարական գծի շարունակությունն է. Եղիշե Չարենցի չգրված տետրակը 1937 թ. բանաստեղծի անտիպ ձեռագրերի հետ փրկել է նկարչուհի Ռեգինա Ղազարյանը՝ շուրջ 17 տարի տակառի մեջ, հողի տակ պահելով:
Այն լուռ ներկայություն է, որն ընդգծում է Եղիշե Չարենց-Ռեգինա Ղազարյան միջանձնային կապը՝ հիշողության պահպանումը, կորստի հաղթահարումը եւ մշակութային վկայության շարունակականությունը։
Թանգարանի տնօրենի խոսքով, այս բացառիկ ցուցանմուշի ցուցադրությամբ կամփոփվի Ռեգինա Ղազարյանին նվիրված արդեն 2 ամիս շարունակվող ցուցադրության փակումը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: