Մարզային շատ դպրոցներ շրջաբերականներ են ստացել արցախյան պատերազմում անմահացած ազատամարտիկների Փառքի անկյունները կազմաքանդելու մասին․ «Հայացք Երեւանից»

Ժամանակ առ ժամանակ մամուլում տեղեկություններ են սպրդում առ այն, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության շրջաբերականով խնդիր է դրվում դպրոցներից հեռացնել արցախյան պատերազմներում զոհված հերոսների Փառքի անկյունները։ Ամեն անգամ հանրության բարձրացրած աղմուկից հետո գործընթացը կանգ է առնում, բայց շատ չանցած՝ վերանորոգվում: Զուգահեռաբար՝ դպրոցների տնօրեններին, առաջատար մասնագետներին հրահանգվում է Արցախի թեման, ընդհանրապես, հանել դպրոցից եւ ջանալ այդ թեմայով երեխաների հետ որեւիցե զրույց կամ հիշատակում չանել, իսկ նրանց կողմից տրվող հարցերը քաղաքավարի շրջանցել:

Ի՞նչ ասել կուզի, ո՞րն է նպատակը: Ամենայն հավանականությամբ՝ այդ պահանջը, ի թիվս այլոց, գալիս է Իլհամ Ալիեւից, ով ամենաշատն է փափագում, որպեսզի հազարամյակների պատմություն ունեցող հայկական այդ գողտրիկ բնօրրանը առհավետ ջնջվի սերունդների հիշողությունից, մատնվի խորը մոռացության: Հանրակրթական դպրոցներում գործող Փառքի անկյունները հենց այդ տրամաբանության մեջ են մտահոգում ոխերիմ հարեւանին, խանգարում նրա քունը: Իլհամը գիտի, որ Արցախն Ադրբեջանին չի պատկանում եւ վաղ թե ուշ՝ վերադարձվելու է իր տիրոջը: Իսկ եթե չգիտի՝ թող կարդա հայր Ալիեւի հայտնի ինքնախոստովանությունը, թե՝ «Ղարաբաղը մերը չէ. դա հայկական տարածք է»:

Ասում են՝ գող, սիրտը՝ դող: Ալիեւ կրտսերը նույնիսկ դպրոցական այդ անմեղ անկյունից է վախենում, որտեղ պատկերված են իր հրահրած պատերազմի մեր սուրբ նահատակները՝ «Փա՛ռք հերոսներին» խորագրի ներքո, եւ կարճ տեղեկանյութ նրանց կյանքի ու սխրանքի մասին: Այդ սեղմ ու իմաստալից նյութերը պետք չեն լուսանկարներում պատկերված մեր քաջակորով հայորդիներին, բայց ապրողներին, աճող սերունդներին շատ են հարկավոր՝ հայրենասիրական ոգով կրթվելու, դաստիարակվելու համար: Հայրենասիրություն, որը վսեմագույն արժեք է, եւ ամո՛թ նրանց՝ հատկապես բարձրաստիճան այն պաշտոնյաներին, ովքեր անձնական ինչ-ինչ նեղ շահերից ելնելով՝ ստորադասում են Հայրենիքը եւ սերը նրա հանդեպ:

Այժմ ԿԳՄՍ որոշ պատասխանատուներ որքան էլ փորձում են չքմեղանալ, թե դպրոցական Փառքի անկյունների վերաբերյալ ՀՀ կրթական գերատեսչությունից հանձնարարություն չի ուղարկվել, «Հայացք»-ի վստահելի աղբյուրը հակառակն է պնդում՝ նշելով, որ մարզային շատ դպրոցներ շրջաբերականներ են ստացել արցախյան պատերազմում անմահացած ազատամարտիկների Փառքի անկյունները կազմաքանդելու մասին: Այդ «աշխատանքը» համակարգելու հանձնառությունը դրված էր հիմնականում մարզպետարանների վրա, որոնք այն կատարում են անմռունչ եւ հնարավորինս անաղմուկ, ինչպես հանձնարարված է Կառավարության կողմից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment