Իրանում Իսրայելի և ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 1332 խաղաղ բնակիչ․ հազարավոր մարդիկ վիրավորվել են։ Հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին։
Մարտի 6-ին Միավորված ազգերի կազմակերպությունում, լրագրողների հետ զրույցում Իրավանին պնդել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը դիտավորյալ թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները, մինչդեռ Իրանն իր հարձակումներն ուղղել է բացառապես ռազմական օբյեկտների, ոչ թե խաղաղ բնակչության դեմ։
ԱՄՆ-ն ու Իսրայելն ասում են, որ իրականությունը հակառակն է։
Իրավանին նաև հայտարարել է, որ Իրանը թիրախ չի դարձնում հարևան պետություններին և ուսումնասիրում է այն մեղադրանքները, թե իբր հարձակվել է ոչ ռազմական օբյեկտների վրա։
«Մեր նախնական գնահատականները ցույց են տալիս, որ այդ դեպքերից մի քանիսը կարող են պայմանավորված լինել Միացյալ Նահանգների պաշտպանական համակարգի կատարած խափանումներով կամ միջամտությամբ, որոնք կարող էին շեղել հարվածները նախատեսված ռազմական թիրախներից»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանից պահանջել է «անվերապահ հանձնվել» և հայտարարել, որ երկրի նոր գերագույն առաջնորդը պետք է «ընդունելի» լինի նաև իր համար։
Իրավանին Թրամփի հայտարարությունն անվանել է «պետությունների ներքին գործերին չմիջամտելու՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքների բացահայտ խախտում»։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։ Մարտի 5-ին, ենթադրաբար, Իրանից անօդաչուներ են հարվածել նաև Նախիջևանին։ Իրանական կողմը հերքել է Նախիջևանին հարվածելու լուրը և Իսրայելին մեղադրել դավադրություն կազմակերպելու մեջ
The post Իրանում զոհվել է առնվազն 1332 խաղաղ բնակիչ․ ՄԱԿ-ում Իրանի դեսպան appeared first on CIVILNET.