Նոյեմբերի 26-ի երեկոյան՝ Գոհաբանության օրը, ԱՄՆ արևելյան շրջաններին հարվածել է հզոր փոթորիկը, որն ուղեկցվել է ուժգին քամով, հորդառատ անձրևներով և առափնյա տարածքների հեղեղումներով։
ԱՄՆ-ի երկու առափնյա շրջաններում, հատկապես արևելյան ափին, անբարենպաստ եղանակի հետևանքով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել, իսկ հարյուր հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։
Տարերքի հետևանքները զգացվել են Արևելյան ամբողջ ափամերձ գոտում։ Մերիլենդ նահանգում ուժեղ քամու պատճառով փակվել են կամուրջները, իսկ Դելավերում հզոր ալիքների հետևանքով ջրով են ծածկվել առափնյա զբոսավայրերը, հայտնում է BBC-Ն:
էլեկտրաէներգիայի անջատումների առավել ինտենսիվ ժամանակահատվածում, առանց հոսանքի է մնացել մոտ մեկ միլիոն տուն։
Հոսանքազրկումներից առավել շատ տուժած նահանգը Փենսիլվանիան է եղել։ Էլեկտրամատակարարման լուրջ խնդիրներ են արձանագրվել նաև Վիրջինիայում, Մերիլենդում և Նյու Ջերսիում։
Մերիլենդի իշխանությունները մոտ երկու միլիոն սպառողի հորդորել են ջուրն օգտագործել բացառապես առաջնային կարիքների համար՝ «էլեկտրամատակարարման պարբերական խափանումների» պատճառով։
Վաշինգտոնում այս տարվա Գոհաբանության օրը դարձել է օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաանձրևառատը։ Հեղեղվել են նաև Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանի թռիչքուղիները։
Ավելի քան 2500 չվերթ է հետաձգվել, իսկ ավելի քան 450-ը՝ չեղարկվել։ Խափանումներն անդրադարձել են ինչպես ներքին, այնպես էլ ԱՄՆ ժամանող և երկրից մեկնող միջազգային չվերթների վրա։
Ուղևորներից մեկը պատմել է, որ 13 ժամ անցկացրել է Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում՝ փորձելով մեկնել Չիկագո՝ Գոհաբանության օրն ընկերների հետ անցկացնելու համար։
Օդային հաղորդակցության խնդիրները պահպանվել են նաև նոյեմբերի 27-ին ավիափոխադրումների առումով ամենածանրաբեռնված օրը։ Կրկին հաղորդվել է հարյուրավոր չվերթների հետաձգման և չեղարկման մասին։