Սկիզբը՝ «Առավոտի» 27.11.2026-ի համարում
«Մեծագույն դառնությամբ ուզում եմ խոսել մեր գործընկերներից Ազատ Արշակյանի և Վահրամ Աթանեսյանի մասին։ Ապշում եմ այդ մարդկանց, երկերեսանություն ասեմ… չեմ էլ ուզում խիստ վիրավորական բան ասել, մի կյանք ենք ապրել նրանց հետ, աշխատանքային կենսագրություն ունենք… Վահրամ Աթանեսյան՝ լինելով ծնունդով արցախցի, դու ո՞նց կարող ես այսօր այդ երեսով հանդես գալ։ Ազատ Արշակյան՝ անկախական, քաղաքական հալածյալ, Պարույր Հայրիկյանի ընկեր, Աշոտ Նավասարդյանի ընկեր… այսօր այդ կերպարանափոխությունը… Ամո՛թ ձեզ». «Առավոտի» զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Պառլամենտական սերունդ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Մեխակ Մխիթարյանը:
– Իշխանությունը նաև պնդում է, որ Հայաստանը նախկինում խաղաղություն չի ունեցել, իսկ այսօր խաղաղություն ունենք։
-Հիմա՞ է խաղաղություն մեր երկրում։ Նիկոլ Փաշինյա՞նն է խաղաղություն բերել։ Այդ խաղաղությունը դեռ հաստատված չէ, այն ընդամենը նախաստորագրված է։ Կարո՞ղ եք աշխարհի որևէ պետության օրինակ բերել, որն ունի ինստիտուցիոնալ խաղաղություն՝ պարզապես ինչ-որ փաստաթղթի նախաստորագրման արդյունքում։ Դուք չեք կարող ասել, թե խաղաղությունն արդեն հաստատված է։
– Այս իրավիճակում քաղաքական փորձ և երկարամյա կենսագրություն ունեցող մարդիկ ի՞նչ կարող են անել՝ ընդդիմությանը սատարելու և ստեղծված դրությունից ելքեր գտնելու համար։
– Շատ բան կարող են։ Շուրջ տասը տարի «Պառլամենտական սերունդ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահն եմ։ Մեր կազմակերպության կազմում ընդգրկված են Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի տարբեր գումարումների նախկին պատգամավորներ՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից։ Մենք գործում ենք կամավորության սկզբունքով։ Կազմակերպության կազմում ավելի քան 150 պատգամավոր կա։ Մեր հասարակական կազմակերպությունը հայտարարությամբ միացավ համազգային համախմբման հարթակին, մեր փորձը, հմտություններն ու հեղինակությունը ներդնելու այդ հարթակի գործունեության մեջ։ Ի դեպ, հարթակի նախաձեռնողները ողջունել են մեր մասնակցությունը և երախտագիտություն հայտնել, որ այդպիսի ներկայացուցչական կազմով ենք միանում գործընթացին։ Սա պարզապես հասարակական կազմակերպության մասնակցություն չէ։ Սա նախկին պատգամավորների և լուրջ քաղաքական փորձ ունեցող մարդկանց ներկայություն է համախմբման գործընթացում։ Վստահ եմ, որ այս համախմբմանը մեծ մասնակցություն կունենա նաև սփյուռքը։ Սփյուռքի կառույցներն ու բազմաթիվ ներկայացուցիչներ նույնպես դրա կողմնակիցներն են։ Մեծ հույս ունեմ, որ համախմբումը կկարողանա իր գործունեությունն իրականացնել հավաքական սկզբունքով՝ չանձնավորելով ընդդիմության դերակատարությունը, կուռքեր չփնտրելով և միասնական ջանքերով որոշակի հաջողությունների հասնելով։
Դիմում եմ մեր ժողովրդի ողջախոհ և ողջամիտ մտածող հատվածին, ինչպես նաև իմ գործընկերներին՝ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավորներին։ Ցավոք, Գերագույն խորհրդի պատգամավորների մեծ մասն այսօր մեզ հետ չէ, հեռացել է կյանքից։ Խոսքս այն մարդկանց մասին է, որոնք իրենց ներդրումն են ունեցել մեր պետականության և անկախության կայացման գործում։ Կոչ եմ անում նախկին պատգամավորներին համախմբվել, ակտիվացնել իրենց գործունեությունը և լուրջ աշխատանք իրականացնել ժողովրդի հետ, որպեսզի այս խառնիճաղանջ իրավիճակում մարդիկ կարողանան ճիշտ հետևություններ անել, չտրվեն պոպուլիստական ձևակերպումներին ու կեղծ պահվածքին։ Այսօր մեր երկիրը խոշոր տերությունների համար խամաճիկի, խաղալիքի է վերածվել։ Կոչ եմ անում նաև այն պատգամավորներին, որոնք այս կամ այն հանգամանքների բերումով որոշ ժամանակ հեռացել են քաղաքական դաշտից, ակտիվանալ։ Մենք՝ նախկին պատգամավորներս, մեծ անելիքներ ունենք, և այդ աշխատանքը պետք է անհապաղ կյանքի կոչվի։ Առաջիկայում կվերախմբագրենք մեր անելիքները՝ համահայկական համախմբման հարթակի շրջանակում եւ կակտիվացնենք մեր գործողությունները։ Մենք այսօր նպատակ չունենք որևէ մեկին իշխանության բերելու և նրան ապավինելու։ Նախ պետք է հասնենք այս իշխանության հեռացմանը, այնուհետև ժողովրդին կոչ անենք իր լրջախոհությամբ ընտրել նոր առաջնորդների և քաղաքական ուժերի, որոնք կկարողանան երկիրը դուրս բերել այս վիճակից։
Ես խորը ակնածանք ունեմ իմ գործընկեր պատգամավորների նկատմամբ, բայց այսօր մեծագույն դառնությամբ ուզում եմ խոսել մեր գործընկերներից Ազատ Արշակյանի և Վահրամ Աթանեսյանի մասին։ Ապշում եմ այդ մարդկանց, երկերեսանություն ասեմ… չեմ էլ ուզում խիստ վիրավորական բան ասել, մի կյանք ենք ապրել նրանց հետ, աշխատանքային կենսագրություն ունենք… Վահրամ Աթանեսյան՝ լինելով ծնունդով արցախցի, դու ո՞նց կարող ես այսօր այդ երեսով հանդես գալ։ Ազատ Արշակյան՝ անկախական, քաղաքական հալածյալ, Պարույր Հայրիկյանի ընկեր, Աշոտ Նավասարդյանի ընկեր… այսօր այդ կերպարանափոխությունը… Ամո՛թ ձեզ։ Ուրիշ վատ բան չեմ ուզում ասել, թող Աստված տա ձեր պատիժը։
– Ի՞նչը պետք է լինի այդ համախմբման առաջնահերթ խնդիրը՝ հատկապես հիմա՝ Սահմանադրության փոփոխության նախագծի շրջանառության պայմաններում։
– Անկախության հռչակագիրը երբեք չպետք է դուրս գա մեր Սահմանադրությունից։ Կարծում եմ՝ պետք է հասնենք նրան, որ այս փուլում թույլ չտանք Սահմանադրության փոփոխություն։ Եթե պետք է Սահմանադրությունը փոխվի, ապա միայն իշխանափոխությունից հետո։ Ես մեր Սահմանադրությունը կատարյալ չեմ համարում և կարծում եմ, որ կարող ենք գնալ սահմանադրական փոփոխությունների, բայց ոչ մեզ պարտադրելու գնով և ոչ էլ մեր թշնամիների թելադրանքով։
Այսօր իշխանությունը, իմ գնահատմամբ, թուրք-ադրբեջանական կցասայլի կարգավիճակ է ձեռք բերել։ Մենք չենք ուզում նման փոփոխություններ՝ այս իշխանության մասնակցությամբ և մեզ հարկադրելու գնով։ Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր ժողովրդին հասկացնենք, որ չենք կարող գնալ այսպիսի ազգակործան քայլի։ Բավական է, ինչքան կորուստներ ենք ունեցել մեր ժողովրդի պատմության ընթացքում։ Մենք շատ բան ենք կորցրել, որպեսզի նոր կորուստների գնով գնանք այս կամ այն փոփոխության։
Իմ կարծիքով՝ այսօր հրամայական է այս կառավարության և անձամբ վարչապետի հեռացումը։ Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իրեն ոչ ոք ոչինչ չի թելադրում և չի պարտադրում, ապա թող հրաժարական տա։ Այդ դեպքում կարող ենք գնալ նոր ընտրությունների կամ սահմանադրական փոփոխությունների, բայց արդեն առանց նրա ներկայության։ Եվ թող դա չլինի այն խաբուսիկ հրաժարականը, որի մասին նա նախկինում է խոսել։ Նա ասում է, թե երկու անգամ հրաժարական է տվել, բայց այդ ընթացքում օգտագործել է իր վարչապետական ամբողջ իշխանական ռեսուրսը, պետական և իրավական համակարգի հնարավորությունները։ Պետական մեքենաներով ու շքախմբերով գնում էր քարոզարշավի։ Դա հրաժարական չէ։
Վերջին օրերին նա նաև արտահերթ ընտրությունների մասին է խոսում՝ ասելով, թե չի ուզում գնալ դրանց, քանի որ ընդդիմության համար է անհանգստանում, ժողովուրդը կարող է նրան չընտրել։ Եթե այդպես է, թող իսկական հրաժարական տա։ Իր փոխարեն թող իր թիմից որևէ մեկը նշանակվի վարչապետ, իսկ ինքը զրկվի պետական լծակներից և որպես սովորական քաղաքացի մասնակցի ընտրություններին։ Այդ ժամանակ կտեսնենք՝ որքան ձայն կհավաքի։
– Դուք խոսեցիք Գերագույն խորհրդի և այսօրվա Ազգային ժողովի տարբերությունների մասին։ Իսկ ինչպե՞ս կգնահատեք նախկին և ներկա երկրի ղեկավարների քաղաքական կեցվածքը։
– Ես երբեք Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության աջակիցը չեմ եղել, նրա գաղափարները չեմ կիսել։ Բայց որպես Հայաստանի քաղաքացի և քիչ թե շատ քաղաքականությունից հասկացող մարդ՝ միշտ գնահատել եմ նրա խելքը, հմտությունները և երկրի ղեկավարի պահվածքը։ Նրան համարում եմ մեծ ղեկավար, մեծ առաջնորդ և մեծ հայ մտավորական։ Նրա շատ խոսքեր այսօր մարգարեական են դառնում։ Եվ անընդունելի եմ համարում, երբ այսօր մարդիկ համարձակվում են նրան մեղադրել, վիրավորել նրա արժանապատվությունը՝ առանց հաշվի առնելու նրա ունեցած քաղաքական և պետական փորձը։ Տեսել եմ, թե ինչպես էր Լևոն Տեր-Պետրոսյանը շփվում աշխարհի հզորագույն պետությունների ղեկավարների հետ։ Նույնը կարող եմ ասել Ռոբերտ Քոչարյանի մասին։ Ես հպարտացել եմ, որ մեր երկիրն ունի այնպիսի ղեկավար, որի կեցվածքով կարելի է հպարտանալ։
Հիշում եմ՝ ինչպես էին նրանք շփվում Ժակ Շիրակի, Բիլ Քլինթոնի, Բորիս Ելցինի և այլ պետությունների ղեկավարների հետ։ Իսկ այսօր, երբ տեսնում եմ մեր երկրի ղեկավարի պահվածքը Ազգային ժողովում, նրա հիստերիկ կեցվածքը, այդ մեյմունություններն ու քյանդարբազությունները, ուղղակի գետինն եմ մտնում։ Ամոթ է, որ մեր հազարամյա մշակույթ ու պատմություն ունեցող երկիրը նման ղեկավար ունի։ Մեր երեխաները մեղք չե՞ն, մեր երկիրը մեղք չէ՞։
– Դուք նաև քննադատում եք իշխանության վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ի՞նչ մտահոգություններ ունեք Սահմանադրության նոր նախագծի այդ դրույթների հետ կապված։
– Չեմ կարող առանց ցասումի անդրադառնալ այդ հարցին։ Սահմանադրության տեքստում գրված է, որ պետությունը անկախ է եկեղեցուց, իսկ պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքներով։ Բայց, իմ կարծիքով, այստեղ խնդիրն այն է, որ չեն ցանկանում հստակ ընդգծել եկեղեցու անկախությունը, այլ շեշտում են, որ նրա գործունեությունը կարգավորվում է օրենքներով։
Սա կարող է հանգեցնել նրան, որ եկեղեցին դիտարկվի որպես սովորական կառույց, որի գործունեությունը պետությունն է կարգավորում օրենքներով։ Մի՞թե սա հանդուրժելի է։ Գրեթե երկու հազարամյա քրիստոնեական պատմություն ունեցող երկրում այսօր եկեղեցին դարձնում են պետության օրենքներով կարգավորվող մարմին։ Այսինքն, ՀԱԵ կարգավիճակը հավասարեցվում է «ժեկ»-ի հետ։
Կրկնում եմ՝ համայն հայությունը սա չի հանդուրժի։ Հայ ժողովուրդը միայն այն 700 հազարը չէ, որ ձայն է տվել այս իշխանությանը։ Հայ ժողովուրդը նաև սփյուռքն է՝ ամբողջությամբ վերցրած։ Այսօր մենք պետք է խոսենք ոչ թե միայն 700 հազար ընտրողի, այլ տասը միլիոնանոց հայության մասին։
– Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Արցախը տվել է, մարսել է դրանից բխող բոլոր հանգամանքներն ու հետևանքները, սա ի՞նչ հարց է, որ չմարսեի։
– Եթե նա այդքան վստահ է իր մարսողության վրա, ապա գերագնահատում է այն։ Նա չի մարսել Արցախը և հետ է տալու իր մարսածը։ Գուցե համեմատությունս մի փոքր վուլգար հնչի, բայց նա ստամոքսի լուրջ խանգարումներ է ունենալու այդ գործընթացում։ Եթե նրան թվում է, թե մարսել է Արցախը, չարաչար սխալվում է։ Այդ խնդիրները դեռ առջևում են։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
28.11.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: