Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ԱՄՆ-ի դեմ ցամաքային գործողությունների և պատերազմի շարունակման դեպքում կդիտարկի զարգացման բոլոր հնարավոր սցենարները։ NBC Nightly News-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
Արաղչին նշել է, որ Թեհրանը հարևանների հետ պատերազմ սկսելու որոշում չի կայացրել, սակայն թիրախավորելու է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բոլոր ռազմական կայանքները։
«Մենք չենք հարձակվել մեր հարևանների վրա։ Մենք չենք հարձակվել մուսուլմանական երկրների վրա։ Մենք հարձակվել ենք ամերիկյան թիրախների և ամերիկյան բազաների, ամերիկյան կայանքների վրա, որոնք, դժբախտաբար, գտնվում են մեր հարևանների հողերում»,- հայտարարել է նախարարը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։
Իսլամական Հանրապետությունը պատասխան գործողություններ է ձեռնարկել՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելով տարածաշրջանի ուղղությամբ և հարվածելով Բահրեյնին, Քաթարին, Արաբական Միացյալ Էմիրություններին և այլ երկրների, որտեղ ամերիկյան բազաներ և օբյեկտներ կան տեղակայված։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Արաղչին հավելել է.
«Մենք հիմա այն փակելու մտադրություն չունենք, բայց քանի դեռ պատերազմը շարունակվում է, մենք կդիտարկենք յուրաքանչյուր սցենար»։
Նա պարզաբանել է, որ նեղուցը բաց է, իսկ նավերը խուսափում են անցումից սեփական անվտանգության մտահոգություններից դրդված։ Միևնույն ժամանակ, նախարարը «կողմնակի վնաս» է որակել Բահրեյնում, Դուբայում և Քուվեյթում քաղաքացիական թիրախներին, այդ թվում՝ հյուրանոցներին և օդանավակայանին հասցված հարվածները։
Իրանցի դիվանագետը նաև մեղադրել է Վաշինգտոնին պատերազմական հանցագործություն կատարելու մեջ՝ կապված Հնդկական օվկիանոսում ամերիկյան սուզանավի կողմից իրանական անզեն ռազմանավի խորտակման հետ, որի հետևանքով զոհվել է 87 նավաստի, և զգուշացրել է, որ ԱՄՆ-ն ստեղծված նախադեպի համար «դառնորեն կզղջա»։ Արաղչին հաստատել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը Իրանին աջակցում են «քաղաքական և այլ կերպ», սակայն զերծ է մնացել ռազմական օգնության վերաբերյալ մանրամասներից։
The post Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցամաքային գործողությունների․ Իրանի ԱԳ նախարար appeared first on CIVILNET.