Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․ «TRIPP-ի իրագործումը սպառնալիք է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։
Երթուղու ներքո կյանքի է կոչվելու Ջաբրաիլ-Նախիջևան էլեկտրաէներգետիկ հանգույցի նախագիծը` կոչված ապահովելու
ա) էլեկտրաէներգիայի մատակարարում ադրբեջանական էքսկլավ ու
բ) էլեկտրաէներգիայի սվոփ֊մատակարարում Թուրքիայով Եվրոպա։
ԵՄ-ն դա կանվանի դիվերսիֆիկացում, սակայն փաստացի դա կլինի Բրյուսելի վրա Վաշինգթոնի ազդեցության հերթական գործիք։
Հատկանշական է, որ 2025թ. նոյեմբերին Փաշինյանը և Ալիևը Կոպենհագենում քննարկել են «Թրամփի ուղով» էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցման հարցը։
Փաստացի քննարկվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ինտեգրումն ադրբեջանականին։
Այստեղից էլ՝ ԱԷԿ֊ի մշուշոտ ապագան ու ՀԷՑ֊ի «ոդիսականը»։
Առանձին խնդրր է նույն երթուղով գազատարի կառուցումը։ Հեռահար նպատակը «Անդրկասպյան գազամուղի» կառուցումն է, որով կապահովվի Կենտրոնական Ասիայից, մասնավորապես Թուրքմենստանից Եվրոպա գազի արտահանումը։
Սակայն դա երկարաժամկետ ու չափազանց բարդ նպատակադրում է` հաշվի առնելով նույն Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրը։
Իսկ կարճաժամկետ հեռանկարում TRIPP-ով կառուցվող գազատարը կմիանա Հայաստանի գազատրանսպորտային համակարգին, ինչի արդյունքում էապես կնվազի գազի ներկրումը Ռուսաստանից ու կդրվի «Գազպրոմ Արմենիայի» պետականացման, այնուհետև արևմտյան որևէ ընկերությանը փոխանցելու հարցը։
Սցենարը նոր չէ»։