Առաջիկայում մեր երկրի կյանքում վճռական ժամանակներ են. Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը տարածել է նամակ, որտեղ ասված է.

«Սիրելինե’ր,

Ինչպես բազմիցս անդրադարձել եմ, այսօրվա մեր կյանքի ճգնաժամը հոգևոր-քաղաքակրթական է, որից էլ բխում է ընդհանուր կյանքի ճգնաժամը` քաղաքական, տնտեսական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, ընտանեկան, հասարակական հարաբերություններ և այլն:

Այն, ինչ «գեղեցիկ» փաթեթավորմամբ ներկայացվում է այսօր, ընդհանուր առմամբ ընդամենը պատրանքային կամ ձևապաշտության (imitation) դաշտից է` առանց որևէ իրական և մնայում կամ հաստատուն հիմքի և հիմնավորման, առանց խորը վերլուծված նպատակային բովանդակության:

Բազում առիթներով նշել եմ, որ վտանգը հենց այդ բովանդակային փոփոխության միտումն է, այսինքն` չարիքի թիրախը մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունն է: Եվ մեր «Սրբազան պայքար»-ն էլ հենց այս մասին է եղել և մնում` կառուցել Հոգևոր Հայաստանի տեսիլքը:

Հետևաբար, հեռու բոլոր տիրադավներից ու ազգադավներից, որոնց «հեղինակների խոսքերը քաղցկեղի պես ճարակ են գտնում» (Բ Տիմ. Բ:16) իրենց «պիղծ և դատարկ զրույցներով», որոշել եմ մեր կյանքի բոլոր ոլորտներին առնչված կարճ, բայց կարծում եմ` բովանդակալից ներկայացնել մեր պատկերացումն ու տեսիլքը, որը մեր երազած Հոգևոր Հայաստանի մասին է`

երազող և երազներն իրականացնող Հայաստանի մասին է,

Հաղթանակների ձգտող և Հաղթող Հայաստանի մասին է,

Հաշտությամբ և սիրով ապրող Հայաստանի մասին է,

Արդարությամբ և արդարադատությամբ Հայաստանի մասին է,

որտեղ մարդը գնահատվում է ոչ թե ինչ ունենալով կամ ում ճանաչելով, այլ` ով լինելով,

որտեղ ամեն ինչ միտված է ծառայելու մարդուն և պետությանը, և ոչ թե մարդուն ու պետությունը ծառայեցնելու իրենց:

Բնականաբար, այս ամենը «Հրաժարիմքն» է «իրական Հայաստան» կոչված կեղծիքից, «խաղաղության» պատրանքից և ստից, «կրթվելու նորաձևությունից» և այլնից, որոնց «վերջը կորուստ է, նրանց Աստվածը իրենց որովայնն է և փառքը` իրենց ամոթը» (Փիլիպ. Գ:19) «հեռու մնալով պիղծ և նորահնար տեսություններից և մոլար անուն (խաբեպատիր) գիտության հակառակություններից» (Ա Տիմ. Զ:20):

Նույնիսկ չեմ անդրադառնալու մեր` «դատական» կոչված գործընթացներին` այն առոչինչ համարելով ներկայացվելիք գաղափարների համեմատությամբ:

Պահելով ավանդը, ձեզ հետ խոսելու եմ Հոգևոր Հայաստանի` իմ պատկերացումների մասին, որոնք հիմնականում արձանագրված են իմ ստեղծագործություններում և որոնց մասին խոսել ենք ողջ 2024-2025թթ. «Սրբազան Պայքարի» բովում:

Նկատի ունենալով, որ առաջիկայում մեր երկրի կյանքում վճռական ժամանակներ են` հուսալից եմ, որ դրանք որպես դրույթներ օգտակար կլինեն բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մեր կյանքի ազատագրության համար…

քանի որ ՀԱՂԹԱՆԱԿՆ այլընտրանք չունի…

Բագրատ արք. Գալստանյան

Հայրենիքի Կալանավոր

19.01.2026»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment