Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրություններում գրանցելու ենք միանձնյա հաղթանակ. Կոնջորյան


Մենք բոլոր հանրային կարծիքի հետազոտություններին ուշադիր հետևում ենք և, բնականաբար, աշխատում ենք, որպեսզի մեր գրանցած ցուցանիշները բարելավվեն: Աշխատում ենք մեր ժողովրդի հետ մեր ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից և, բնականաբար, հետևություններ ենք անում բոլոր հարցումներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկումներին, թե հրապարակված հարցումների համաձայն՝ իշխող կուսակցության վարկանիշը ցածր է: 


Ինչ վերաբերում է անցկացված հարցումներին, ասաց՝ դրանք առաջիկայում կհրապարակեն, և դրանք կլինեն բավական խոսուն:


Նա հիշեցրեց՝ 2021-ից առաջ կային բազմաթիվ հարցումներ, որոնց բացարձակ մեծամասնությունը գուժում էր, թե «Քաղաքացիական պայմանագիրը» չի հաղթելու, իբրև իրենց կուսակցության նկատմամբ վստահությունը շատ ցածր է, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» գնաց և ստացավ միանձնյա մեծամասնություն:


«Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրություններում մենք գրանցելու ենք միանձնյա հաղթանակ, որովհետև այն ցուցանիշները, որոնք մենք գրանցել ենք 2021-ի արտահերթ ընտրություններից հետո, և հատկապես խաղաղության հաստատումը չափազանց մեծ հիմքեր են տալիս մեզ մտածելու, որ դա բերելու է հաղթանակի»,- ասաց Կոնջորյանը:


Նրա խոսքով՝ իրենք աշխատելու են բոլոր քաղաքացիների հետ: 


«Մենք մեր ուղերձները հղում ենք մեր բոլոր քաղաքացիներին՝ անկախ այն բանից՝ նրանք մեր ընտրողներն են, թե ոչ, մեզանից գոհ են, թե դժգոհ: Բնականաբար, նրանք, որոնք մեզանից դժգոհ են, իրենց հետ հավելյալ ջանք ենք գործադրում, որպեզի մեր ուղերձները նրանց ավելի հասկանալի լինի»,- նշեց նա:


Հարցին՝ ինչպես են համոզելու, պատասխանեց՝ մեր աշխատանքով, իրենց քաղաքական ծրագրերը ներկայացնելով:


Ինչ վերաբերում է մարզային այցերին, վստահություն հայտնեց՝ իրենց և ժողովրդի միջև կա շատ առողջ, բնական ու օրգանիկ երկխոսություն:


«Ժողովուրդը մեզ շատ լավ հասկանում է»,- վստահություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:

Leave a comment