«Երբ ասում եք՝ Վարդենիսում հիվանդանոց կառուցվում է, ասեմ, որ այդ հիվանդանոցը չի կառուցվում։ Նախագծանախահաշվարկային փաստաթուղթը պատրաստ է, և ասում են՝ հողի խնդիր կա։ Չեմ հասկանում՝ ո՞նց կարող է նախագիծն առանց սեփականության վկայականի կատարվի»,- ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հարցրեց ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Վանիկ Օհանյանին։
Պատգամավորը նաև ահազանգեց՝ պաթոլոգիական լաբորատորիաների խնդիրը կա նաև Ճամբարակ համայնքում․ «Մի հատ գնացեք, դժգոհությունը տեսեք։ Մարդը դիակը բերում, Սևանում է հերձում։ Ինչքան լրացուցիչ ֆիզիկական, ֆինանսական դժվարություններ կան։ Ձեր զեկույցում ասացիք, որ համակարգը ծառայեցնում եք ժողովրդին։ Էդ ձևո՞վ եք ծառայեցնում՝ մարդը դիակը վերցրած 60 կմ բերում է Մարտունի հերձելու, վեց ժամ սպասում է հերթի պատճառով, հետո հետ է տանում»։
Բուժաշխատողների՝ հունվար ամսվա աշխատավարձերի՝ փետրվարին վերահաշվարկի հետ կապված Վանիկ Օհանյանի վստահեցումներին ի պատասխան ասաց․ «Մարդիկ դեկտեմբերին աշխատավարձ չեն ստացել։ Փորձեք աշխատավարձերն առանց աղմուկ կարգավորել։ Հաշվարկները դեռ կատարված չեն։ Մարդիկ հունվարի համար կանխավճարային գումար են ստացել, ասել են՝ մնացածը որոշակի չափորոշիչներով կլինի, նախարարի հրաման կամ կարգ կիջեցնենք, որ խնդիրը կարգավորեն։ Օդի մեջ ասելով լուծում չի լինում»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: