ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել վարույթ ընդունել գեներալ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի դեմ հայցը։ Ավելի վաղ առաջին ատյանի դատարանը մերժել էր պատասխանողներից 4,3 մլրդ դրամի գումար բռնագանձելու դատախազության հայցը։ Դատարանը բավարարել էր պատասխանող կողմի միջնորդությունը և կիրառել հայցային վաղեմություն։
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը 2025-ի մարտի 17-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Հայցվորը պահանջում էր Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից համապարտությամբ բռնագանձել 4,3 մլրդ դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում։ Պահանջի հիմքում ընկած էր ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2021-ի հուլիսի 16-ին հարուցված քրեական գործով նախաքննության տվյալները։ Այն վերաբերում էր Ռուսաստանից 4,3 մլրդ դրամի անպիտան ռազմամթերքի մատակարարմանը։
Գործի քննության սկզբնական փուլում՝ 2025-ի մարտի 27-ին, առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցվորի միջնորդությունը և հայցագնի չափով արգելանք էր դրել պատասխանողներին պատկանող գույքի վրա։
2025-ի դեկտեմբերի 22-ին, սակայն, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, հայցը մերժելու մասին վճիռ էր կայացրել։ Դատարանը բավարարել էր պատասխանողների ներկայացրած միջնորդությունը և կիրառել հայցային վաղեմություն՝ արձանագրելով, որ դրա ժամկետը լրացած է։ Նույն որոշմամբ սահմանվել էր, որ գույքի վրա դրված արգելանքը պետք է վերացվի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Դատախազությունը 2026-ի հունվարի 15-ին բողոքարկել էր առաջին ատյանի դատական ակտը։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում բողոքը մակագրվել է դատավորներ Գոռ Թորոսյանին, Արմիդա Ոսկանյանին և Դիանա Հովհաննիսյանին։ Նիստի օր դեռևս նշանակված չէ։
Գևորգ Թոսունյան
The post Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի դեմ 4,3 մլրդ դրամի հայցը կքննվի Վերաքննիչում appeared first on CIVILNET.