Հայաստանի քաղաքական ուժերը Meta-ում. ով որքան է ծախսում

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Վերջին ամիսներին Meta-ի հարթակները՝ Facebook-ն ու Instagram-ը, Հայաստանում դարձել են քաղաքական գովազդի ակտիվ տարածման հիմնական հարթակներ։ Հունիսյան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում՝ սոցիալական ցանցերում իրենց բովանդակության տեսանելիությունն ապահովելու համար։ 

Վերջին երեք ամիսների տվյալներով քաղաքական գովազդի ամենամեծ ծախսը կատարել է գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» նախաձեռնությունը։ Միայն մեկ էջի միջոցով ծախսվել է շուրջ 53,500 դոլար, ինչը վերջին չորս տարիների ընթացքում հայկական քաղաքական ուժերի կողմից Meta հարթակներում գրանցված ամենաբարձր գովազդային ցուցանիշն է։

Տվյալները վերցված են Meta-ի գովազդային գրադարանից (Meta Ad Library), որտեղ հրապարակվում են քաղաքական և հասարակական թեմաներով վճարովի գովազդների մասին տեղեկություններ՝ դրանց ծախսերով և «վճարողը» նշումով (disclaimer)։

Քաղաքական ուժերի ծախսերը վերջին 90 օրերին

Meta-ի գովազդային գրադարանի համաձայն՝ 2025-ի նոյեմբերի 30-ից մինչև 2026-ի փետրվարի 27-ը «Մեր ձևով» նախաձեռնությունը «Ուժեղ Հայաստան» էջի համար ակտիվացրել է ընդհանուր 78 գովազդային հայտարարություն։ Բացի հիմնական էջից, նույն նախաձեռնությունը մեկ այլ էջի միջոցով, «Ուժեղ Հայաստան» վճարողի նշումով, ծախսել է լրացուցիչ մոտ 3,900 դոլար՝ հրապարակելով ևս 31 գովազդ։

Էկրանապատկերը՝ Meta-ի գովազդային գրադարանից

Գովազդային ծախսերի ծավալով երկրորդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն է։ Կուսակցության համահիմնադիրներ Մեսրոպ Առաքելյանի և Մանե Թանդիլյանի պաշտոնական էջերը, կուսակցության գլխավոր էջի հետ միասին, վերջին երեք ամսում ծախսել են շուրջ 11,000 դոլար։ Մասնավորապես, Մեսրոպ Առաքելյանի էջը գրանցել է մոտ 4,000 դոլարի ծախս (200 գովազդ), Մանե Թանդիլյանի էջը՝ 3,200 դոլար (157 գովազդ), իսկ կուսակցության էջը՝ շուրջ 3,600 դոլար (169 գովազդ)։

Գովազդային հայտարարությունների քանակով առաջատարը «ՀայաՔվե» նախաձեռնությունն է։ Չնայած գումարային առումով այն զիջում է առաջատարներին՝ մոտ 3,900 դոլար, սակայն վերջին 90 օրում հրապարակել է 486 տարբեր գովազդային նյութեր։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես ակտիվ է սոցիալական ցանցերում։ Meta-ի գովազդային գրադարանի տվյալներով՝ կուսակցությունն է վճարել իր պաշտոնական էջի գովազդների համար՝ վերջին 90 օրում շուրջ 820 դոլար, ինչպես նաև «Երիտասարդական կառույց/Քաղաքացիական պայմանագիր» էջի գովազդների համար՝ ևս 400 դոլար։ Իշխանության հետ փոխկապակցված C News էջը (վճարողը՝ Civic) նույն ժամանակահատվածում ծախսել է 1,020 դոլար։ Այսպիսով, նշված էջերի ընդհանուր գովազդային ծախսը վերջին երեք ամսում կազմել է ավելի քան 2,200 դոլար։

Ակտիվություն են ցուցաբերել նաև այլ արտախորհրդարանական ուժեր և անհատ քաղաքական գործիչներ։

«Հանրապետություն» կուսակցության պաշտոնական էջը վերջին 90 օրվա ընթացքում ծախսել է ավելի քան 1,200 դոլար՝ ակտիվացնելով 9 գովազդային հայտարարություն։ Նախկին օմբուդսմեն Արմեն Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» էջը ծախսել է շուրջ 930 դոլար՝ տեղադրելով 7 գովազդ։

Անհատական էջերի շարքում ուշագրավ է նաև «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի ակտիվությունը. վերջին երեք ամսում նրա էջով թողարկվել է 47 գովազդային հայտարարություն՝ շուրջ 1,200 դոլար ընդհանուր արժեքով։ 

Ի դեպ, վերջին 90 օրում արձանագրվել են նաև քաղաքական բովանդակությամբ գովազդներ, որոնցում սակայն չի նշվել «վճարողը»։ Դրանցից յուրաքանչյուրի ծախսը չի գերազանցել 100 դոլարը, սակայն նման դեպքերը բազմակի են։

Նշենք, որ Meta-ի գովազդային գրադարանի տվյալները, թեև պաշտոնական են, ամբողջական պատկեր չեն տալիս․ չեն հաշվարկվում այն գովազդները, որոնք հետագայում ջնջվել են կամ որոնց համար օգտագործված էջերն այլևս գոյություն չունեն։

Չորս տարվա կտրվածքով պատկերը

Meta-ի գովազդային գրադարանի տվյալները Հայաստանի համար հասանելի են 2022 թվականի հուլիսից։ Երբ դիտարկում ենք այդ ժամանակահատվածից ի վեր ամբողջական տվյալները, «Ուժեղ Հայաստան» նախաձեռնությունը զբաղեցնում է առաջատարի դիրքը մեկ էջով իրականացված գովազդային ծախսի ծավալով։ Ուշագրավ է, որ նախաձեռնության ամբողջ ծախսը կատարվել է միայն վերջին երեք ամսում՝ գերազանցելով այնպիսի ուժերի ընդհանուր ցուցանիշները, որոնք Meta-ում գովազդ են տեղադրում տարիներ շարունակ։

Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» դեպքում հաշվարկը միայն պաշտոնական էջով չի սահմանափակվում։ 2022 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի փետրվարի 27-ը «Civil Contract» վճարողի նշումով հրապարակված բոլոր գովազդների ընդհանուր ծախսը կազմում է 48,158 դոլար։

(function(d){var js, id=”pikto-embed-js”, ref=d.getElementsByTagName(“script”)[0];if (d.getElementById(id)) { return;}js=d.createElement(“script”); js.id=id; js.async=true;js.src=”https://create.piktochart.com/assets/embedding/embed.js”;ref.parentNode.insertBefore(js, ref);}(document));

Թեև հենց կուսակցության պաշտոնական էջի ծախսը կազմում է շուրջ 16,600 դոլար, նույն վճարողի նշումով գովազդներ են հրապարակվել նաև առանձին կուսակցականների անձնական էջերում (այդ թվում՝ Արգիշտի Մեխակյան, Սարիկ Մինասյան, Տիգրան Ավինյան), երիտասարդական կառույցի, «Ժողովրդավարության դպրոց» և այլ էջերի միջոցով։

Եթե սրան ավելացնենք նաև «Civic» նշումով գործող C News էջի շուրջ 12,400 դոլար ծախսը, ապա իշխանության հետ կապվող գովազդային ընդհանուր բյուջեն հասնում է ավելի քան 60,500 դոլարի։

Երևանում՝ գովազդատուների թիրախում 

Ինչ վերաբերում է տարածքային բաշխվածությանը, ապա տվյալները ցույց են տալիս, որ քաղաքական գովազդի հիմնական ակտիվությունը կենտրոնացած է մայրաքաղաքում։ Երևանում գովազդային ծախսերը կազմել են շուրջ 48,850 դոլար, ինչը գրեթե յոթ անգամ գերազանցում է հաջորդ ամենաակտիվ մարզի ցուցանիշը։

Մարզերի թվում առաջատարներն են Լոռին` շուրջ 6,750 դոլար, Կոտայքը` շուրջ 6,400 դոլար և Շիրակը` 6,200 դոլար։ Համեմատաբար ցածր ակտիվություն է արձանագրվել այլ մարզերում, իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Վայոց Ձորում՝ 1,500 դոլար։

Էկրանապատկերը՝ Meta-ի գովազդային գրադարանից

Այսպիսով, թեև պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, հրապարակային տվյալները ցույց են տալիս քաղաքական գովազդի աննախադեպ ակտիվություն։ 

The post Հայաստանի քաղաքական ուժերը Meta-ում. ով որքան է ծախսում appeared first on CIVILNET.

Leave a comment