«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանը կոչ է անում ՔՊ-ական պատգամավոր Միքայել Խաչատրյանին զրպարտանքներ չտարածել և այլ քաղաքական ուժերին անհիմն մեղադրանքներ չներկայացնել։
«Միայն մեկ դեպք կա մեզ հետ առնչվող, որը հեռու է ընտրակաշառք համարելու դեպքից։ Դեռ քննությունը պետք է պարզի՝ ինչ է, ինչ չէ»,- Aravot.am-ին ասաց Շահեն Հարությունյանը՝ մեկնաբանելով ՔՊ-ական պատգամավորի պնդումները, թե Արման Թաթոյանի քաղաքական ուժն էլ է ընտրակաշառք բաժանել ընտրական գործընթացում։
Շահեն Հարությունյանի կարծիքով՝ ընտրակաշառք բաժանած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Նման դեպքերը պետք է բացահայտվեն։ Կոչ եմ անում այդ պատգամավորին շառ չանել, զրպարտանք չտարածել այլ ուժերի նկատմամբ։ Մենք մշտապես դեմ ենք եղել այդ ամենին։ Ոչ միայն դեմ ենք, այլև այդ հնարավորությունները չունենք, որ ընտրակաշառք տանք։ Բայց եթե նույնիսկ հնարավորություն ունենայինք, բնականաբար, չէինք տա։
Ընտրակաշառքների դեմ պայքարը շատ լավ է։ Պետք է պատժել թե՛ ընտրակաշառք տվողին, թե՛ վերցնողին։ Ի վերջո, պետք է հասնենք այն մակարդակին, որ մարդիկ ընտրության գնան առանց ընտրակաշառքի, առանց գումարային շահագրգռության։
Այլ հարց է, որ այս իշխանությունները բարոյական իրավունք չունեն խոսելու այդ թեմայով, որովհետև ընտրական գործընթացում տեսանք թոշակների բարձրացումը, համայնքային հողերի հետ կապված գործընթացը, աշխատանքի տեղավորման խոստումները և այլն։
Նախկինում այդ արատավոր բարքերի դեմ մեր պայքարը որոշակի դրսևորում ունեցավ 2018 թվականի իրադարձությունների ընթացքում։ Գուցե 2018 թվականի ընտրություններն անաչառ անցան, բայց արդեն 2021 թվականին, հետպատերազմյան Հայաստանում, տեսանք իշխանական լծակների բազմապիսի գործածում։ Նույնը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Հիմա էլ կտեսնենք աշնանային ՏԻՄ ընտրություններում»,- ասաց Շահեն Հարությունյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: