Պետությունը պատրաստվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության բաժնեմասն ամբողջությամբ պետականացնել՝ ճանաչելով հանրային գերակա շահ, իսկ սեփականատեր «Տաշիր Կապիտալին» փոխհատուցում տալ։ Այդ մասին Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
Նա մանրամասնել է, որ փետրվարի 21-ը վերջնաժամկետ էր, երբ կառավարությունը պետք է առաջարկ աներ, բանակցեր, և գործարքի արդյունքում ընկերության 100 տոկոս բաժնետոմսերն անցնեին պետությանը։
«Ես գիտեմ, որ օրենքով սահմանված կարգով, ժամկետների պահպանմամբ, ՏԿԵ նախարարությունը, մասնավորապես՝ ի դեմս կառավարության, պաշտոնական այդ առաջարկն արել է սեփականատերերին, բայց գործարք տեղի չի ունեցել։ Ինչը նշանակում է, որ փետրվարի 21-ից հետո արդեն Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը, որպես հանրային գերակա շահ, պետք է ճանաչի տվյալ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և, փոխհատուցման վճարումից հետո, այն պետականացվի 100 տոկոսով։ Գործընթացը թևակոխել է այդ փուլ»,- ասել է Պետրոսյանը։
ՀԷՑ-ի արժեքի և կառավարության առաջարկած գնի վերաբերյալ Պետրոսյանը հրաժարվել է թիվ հնչեցնել։ Նա նաև հերքել է այն տեսակետը, թե ՀԷՑ-ի շուրջ զարգացումները քաղաքական հետապնդում են՝ ուղղված Սամվել Կարապետյանի դեմ։
Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ իրենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագների նվազեցման առաջարկ են ներկայացրել։ Դրա իրագործումը, սակայն, ըստ Պետրոսյանի՝ ներկայում հնարավոր չէ ատոմակայանի առաջիկա պլանային կանգի պատճառով, որի ընթացքում Հայաստանը ստիպված կլինի ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել։
«Եթե ատոմակայանի պլանային կանգի և վերազինման տասնամյա շրջափուլի այս տարվա զուգադիպությունը չլիներ, ապա ես վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիների համար նաև սակագինը կնվազեր»,- ասել է նա։
Պետրոսյանը հայտնել է, որ նախատեսվում է էականորեն նվազեցնել այլ վճարներ։ «Մենք գործող սակագնի մեջ ահռելի մաս կազմող նոր բաժանորդ դառնալու, բաշխման ցանցին միանալու վճարների 30-ից 40% նվազեցում ենք պլանավորում։ Իսկ մատակարարվող էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման գործակիցների վճարումները նվազեցնելու ենք 50%-ով»,- ասել է նա։
The post Կառավարությունը կպետականացնի ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը. Ռոմանոս Պետրոսյան appeared first on CIVILNET.