Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը հասել է իր գագաթնակետին․ Փաշինյան

Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը հասել է իր գագաթնակետին, և իրավիճակը հասունացել է Թուրքիայի հետ սահմանը բացելու ու գործնական արդյունքներ գրանցելու համար։ Այս մասին փետրվարի 25-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լեհաստանում հայ համայնքի հետ հանդիպմանը։

«Խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև իր գագաթնակետին հասավ օգոստոսին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն քաղաքում, երբ Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ մենք Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք համատեղ հռչակագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին, և այդ հռչակագրով մեր երկրների միջև խաղաղություն հաստատվեց»,- հայտարարել է Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ առանց ԱՄՆ նախագահի անձնական ներգրավվածության գործընթացի վիճակն անորոշ կլիներ։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանն արդեն առևտուր է անում Ադրբեջանի հետ, մասնավորապես՝ ներմուծում է նավթամթերք, և 90-ականներից ի վեր առաջին անգամ գնացքներն Ադրբեջանի տարածքով հասնում են Հայաստան։ Խաղաղության հիմքը, ըստ նրա, 1991-ի Ալմաթայի հռչակագիրն է, որով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու հաստատում, որ չունեն և չեն բարձրացնելու տարածքային պահանջներ ապագայում։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է. «Մենք հույս ունենք իրական փոփոխություններ տեսնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում։ Վերջին տարիներին մենք բավական ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ։ Ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ… հիմա իրավիճակը բավական հասունացել է, որպեսզի գործնականի վերածվի»։

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է 90-ականների սկզբից, և հայկական կողմի նախագիծն է, որ տրանսպորտային «Թրամփի ուղին» Հայաստանի տարածքով անցնելուց հետո շարունակվի Թուրքիայի տարածքով մինչև Եվրոպական միություն։ «Դա է մեր նախագիծը, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Մենք հույս ունենք տեսնել սահմանի բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև»,- հավելել է նա։

The post Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը հասել է իր գագաթնակետին․ Փաշինյան appeared first on CIVILNET.

Leave a comment