Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի կառավարությունը սահմանափակումներ է սահմանել մշտական բնակության թույլտվություն չունեցող օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի համար առաքման ծառայությունների, ուղևորափոխադրումների և զբոսավարության ոլորտներում։ Այս միջոցառումները նախատեսված են կառավարության որոշմամբ, որը վերջերս ընդունված երկրում օտարերկրացիների աշխատանքի կարգավորումը խստացնող օրենսդրական փոփոխությունների մաս է կազմում։
Համաձայն օրենսդրական փոփոխությունների համաձայն, որոնց մեծ մասը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի մարտի 1-ից՝ Վրաստանում աշխատանք փնտրող, մշտական բնակության իրավունք չունեցող օտարերկրացիները պարտավոր կլինեն ստանալ աշխատանքային թույլտվություն։
Թույլտվությունը պետք է տրամադրի Առողջապահության և աշխատանքի նախարարությունը՝ տեղի գործատուի կամ ինքնազբաղված օտարերկրյա քաղաքացու ներկայացրած դիմումի հիման վրա։
Սակայն փետրվարի 20-ի որոշմամբ կառավարությունը մի շարք ոլորտների համար սահմանել է տարեկան քվոտաների մեխանիզմ՝ առաքման ծառայությունների, ուղևորափոխադրումների և զբոսավարության ոլորտներում քվոտան սահմանելով զրո։ Քվոտայի ենթակա չորրորդ գործունեության դեպքում՝ լեռնային և դահուկային զբոսավարների համար, տարեկան քվոտան սահմանվել է 200։
Այս որոշումը գործնականում կվերացնի աշխատանքի հնարավորությունները բազմաթիվ օտարերկրացիների համար այն ոլորտներում, որտեղ վերջին տարիներին նրանց թիվը զգալիորեն աճել է։ Սա հատկապես նկատելի է սննդի առաքման ծառայություններում, որտեղ տեղացի աշխատողների կողքին աշխատում են մեծ թվով օտարերկրացիներ՝ այդ թվում Հարավային Ասիայի երկրներից։ Օտարերկրյա քաղաքացիների թիվը որոշ չափով աճել է նաև տաքսի ծառայությունների ոլորտում։
Նոր օրենսդրության համաձայն՝ առանց թույլտվության աշխատելու համար սահմանվել է 2,000 լարի (750 դոլար) տուգանք, որը կիրառվում է ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների և ինքնազբաղված անձանց նկատմամբ։ Կրկնակի խախտման դեպքում տուգանքը կկազմի 4,000 լարի (1,500 դոլար), իսկ յուրաքանչյուր հաջորդ խախտման համար՝ 12,000 լարի (4,500 դոլար)։
Բացի այդ, Վրաստանում օրինական աշխատելու համար օրենքի շրջանակում ընդգրկված օտարերկրացիները չեն կարող սահմանափակվել միայն Աշխատանքի նախարարության կողմից տրված թույլտվությամբ։ Թույլտվությունը ստանալուց հետո նրանք պարտավոր են ունենալ նաև համապատասխան վիզա կամ կացության թույլտվություն։
Կառավարությունը անցումային դրույթներ է սահմանել արդեն աշխատող օտարերկրացիների համար։
- Այն ինքնազբաղված օտարերկրացիները, որոնք 2026-ի մարտի 1-ի դրությամբ աշխատում են երկրում, ենթակա կլինեն օրենքի կիրարկման ընթացակարգերին 2026-ի մայիսի 1-ից։
- Այն աշխատանքային միգրանտները, որոնք արդեն ունեն ձևավորված հարաբերություններ տեղական գործատուների հետ և որոնց գրանցման կարգավիճակը Աշխատանքի նախարարության միասնական տվյալների բազայում ակտիվ է 2026-ի մարտի 1-ի դրությամբ, պարտավոր են մինչև 2027-ի հունվարի 1-ը ստանալ աշխատանքի թույլտվություն և համապատասխան կացության թույլտվություն։
Օրենքը չի կիրառվելու փախստականների, ինչպես նաև Վրաստանի կողմից լրացուցիչ կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց նկատմամբ։ Այն չի տարածվելու նաև ապաստան հայցողների վրա, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների կամ միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, Վրաստանում հավատարմագրված միջազգային լրագրողների, ներդրումային հիմքով կացության թույլտվություն ունեցող անձանց և միջազգային համաձայնագրերով նախատեսված այլ բացառությունների վրա։
2025-ի հունիսին ընդունված փոփոխությունները ուժի մեջ են մտնում այն պայմաններում, երբ կառավարությունը միգրացիայի վերաբերյալ ավելի խիստ հռետորաբանություն է որդեգրել։ Փետրվարի 13-ին հրապարակված տեսանյութում վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ «Վրաստանն ամբողջությամբ կազատվի ապօրինի միգրանտներից»։
Նախկինում միգրացիայի վերաբերյալ կառավարության քայլերին անդրադառնալով՝ Կոբախիձեն հիշատակել է նաև աշխատանքային օրենսդրության փոփոխությունները, որոնք, նրա խոսքով, «հնարավորություն կտան պատշաճ կերպով պաշտպանել թե՛ երկրի տնտեսությունը, թե՛ քաղաքացիների շահերը»։
Միաժամանակ, փետրվարի 18-ին խորհրդարանում Կոբախիձեն խոսել է Վրաստանում «աշխատուժի լուրջ պակասի» մասին՝ նշելով, որ «առանց օտարերկրացիների ներկայության երկրում բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծեր հնարավոր չէր լինի իրականացնել»։
«Պակասը հիմնականում վերաբերում է շինարարության ոլորտին, սակայն ոչ միայն։ Զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում ևս կա աշխատուժի զգալի բաց, ինչը նշանակում է, որ մեր երկրում աշխատանքային միգրացիայի անհրաժեշտություն կա»,- հավելել է նա։
The post Վրաստանը խստացնում է օտարերկրյա աշխատողների սահմանափակումները appeared first on CIVILNET.