Ակցիայի ավարտին մասնակիցները նամակներ հանձնեցին Ազգային ժողովի ընդունարանում
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր բժիշկները բողոքի ակցիա են կազմակերպել խորհրդարանի շենքի դիմաց՝ բողոքելով առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո աշխատավարձերի կրճատումից։
Ակցիայի մասնակիցները պահանջում են իրականացնել խորհրդարանական լսումներ, որպեսզի փոխվի վճարման կարգը, փոփոխվի աշխատավարձի նվազագույն շեմը և վերանայվի բուժաշխատողի վարձատրման մեխանիզմը։
«Մենք ուզում ենք, որ ապահովագրական համակարգը գործի, բայց արդյունավետ գործի, և չոտնահարվեն բուժաշխատողների շահերը», – ասաց ակցիային մասնակցող բժիշկներից մեկը։
Նրա խոսքով՝ ապահովագրական համակարգը իսկապես բնակիչների համար կարող է հարց լուծել, սակայն դա պետք է արվի պետության կողմից, ոչ թե բուժաշխատողների հաշվին։
Ակցիայի ավարտին մասնակիցները նամակներ հանձնեցին Ազգային ժողովի ընդունարանում:
ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին
2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված կլինի 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։
Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։
2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։