Մասկն անցել է Կիեւի «բացահայտ քննադատությանը»․ «The Atlantic»

Իլոն Մասկն Ուկրաինային ցուցաբերվող «առատաձեռն աջակցությունից» անցել է Կիեւի «բացահայտ քննադատությանը»․ այս մասին հայտնել են «The Atlantic» պարբերականի սյունակագիրները՝ հիմնվելով տարբեր աղբյուրների հետ ունեցած զրույցների վրա։

Ըստ որոշ աղբյուրների՝ Մասկի հայացքներում փոփոխություն է տեղի ունեցել․ Ուկրաինային օգնելու պատրաստակամությունից նա անցել է բացահայտ թշնամական վերաբերմունքի։

Պարբերականը նշել է, որ 2022 թվականին Մասկը հազարավոր Starlink արբանյակային կապի ալեհավաքներ էր տրամադրել ուկրաինական հիվանդանոցներին, էլեկտրակայաններին և պետական ​​հաստատություններին։ Շուտով ուկրաինական զինուժը սկսել էր դրանք օգտագործել անօդաչու թռչող սարքերի կառավարման և կապի ապահովման համար։

SpaceX-ի (Մասկին պատկանող ընկերություն) հետ կապ ունեցող աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Starlink-ի միջոցով իրականացված հարձակումները պատկերող կադրերը լուրջ մտահոգություն էին առաջացրել ընկերության ներսում։

Ավելի ուշ ինքը՝ Մասկը, իր կենսագիր Ուոլթեր Այզեքսոնին ասել էր, որ Starlink-ը երբեք նախատեսված չի եղել մարտական ​​գործողություններում օգտագործելու համար։ Պարբերականն ընդգծել է, որ Ուկրաինայում ծառայության վերջին խափանումները ցույց են տվել, որ Մասկը ցանկացած պահի կարող է դադարեցնել հասանելիությունը, եթե որոշի այդպես վարվել։

Հոկտեմբերի կեսերին Կիեւը հայտնել էր, որ ամերիկյան SpaceX ընկերությունը սահմանափակել է ուկրաինական զինված ուժերի կողմից օգտագործվող Starlink տերմինալների աշխատանքը։ Մասկն իր հերթին հայտարարել էր, որ Starlink արբանյակային համակարգը չի օգտագործվում հարձակողական մարտական ​​գործողությունների համար, այլ ծառայում է բացառապես պաշտպանական և քաղաքացիական նպատակներին։ Նա ասել էր նաև, որ Starshield համակարգերը պատկանում են ԱՄՆ կառավարությանը և նրա վերահսկողության ներքո են, իսկ ցանկացած սահմանափակում կիրառվում է ԱՄՆ զինված ուժերի, և, ի վերջո, ԱՄՆ նախագահի կողմից։ Մինչդեռ «The Wall Street Journal»-ը գրել էր, որ հենց Մասկն է հրահանգել սահմանափակել Ուկրաինայի հասանելիությունը Starshield-ին։

Leave a comment