ԱՄՆ նախագահ Թրամփը չի սխալվում՝ Ալիեւն ու Փաշինյանն իսկապես ընկերներ են: Նրանց միավորում են ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ կապված ընդհանուր ծրագրերը, այլեւ հետխորհրդային բռնապետական «մենթալիտետը»:
Բայց երբ կողքից ես նայում, դա բավականին տարօրինակ ընկերություն է: Որովհետեւ ընկերներից մեկը զրկել է մյուս ընկերոջ հազարավոր հայրենակիցներին՝ իրենց տանն ապրելու հնարավորությունից, ոչնչացնում է այդ ընկերոջ ժողովրդի կողմից ստեղծած մշակութային, հոգեւոր ժառանգությունը, չի հանում իր զորքն այդ ընկերոջ պատասխանատվության ոլորտում գտնվող ինքնիշխան տարածքներից եւ, այդ ընկերոջ հայրենակիցներին անվանելով «նացիստ», նրանց գերության մեջ է պահում:
Մյուս կողմից՝ այդ երկու մարդկանց ընկերության վառ ապացույցն այն է, որ այդքանից հետո նրանք 50/50 սկզբունքով խաղաղության մրցանակ ստացան:
Ազգային խայտառակության այս արձանագրմանը իշխանության կողմնակիցներն ու քարոզիչները հակադրվում են այսպես. «Բա ո՞րն է այլընտրանքը: Ուզում եք էլի՞ պատերազմ լինի, էլի՞ հազարավոր զոհեր ունենանք»:
Նախ՝ հիշենք, որ մինչեւ 2020 թվականը հենց Փաշինյանն էր իր խելահեղ հայտարարություններով եւ ապիկար գործողություններով նպաստում, որ լինի պատերազմ եւ լինեն զոհեր: Ինչո՞ւ էր իր ղեկավարման առաջին երկու տարիների ընթացքում պարբերաբար գնում Արցախ, ողջագուրվում «նացիստների» հետ եւ բոցաշունչ ճառեր արտասանում:
Այդ ամենից կարելի է եզրակացնել, որ խաղաղության եւ պատերազմի հարցերն իրեն բացարձակապես չեն հետաքրքրում: Այսօր էլ, եթե իր աթոռը պահելու համար պետք լինի, նա այնպիսի ռազմատենչ հայտարարություններ կանի, որ նույնիսկ Ալիեւը կզարմանա: Պարզապես այս պահին իրեն հարմար է ուղեղները լվացած քաղաքացիների վրա «վաճառել» չեղած «խաղաղությունը»:
Երկրորդ՝ եկեք ենթադրենք, որ այսօր Հայաստանի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա հայտարարի, որ Բաքվի «դատարանի» կողմից ահաբեկչության եւ այլն ծանր մեղադրանքներով դատապարտված մարդկանց «նացիստ» չի համարում, ինչպես նաեւ միջազգային ատյաններում հրապարակավ բարձրացնի մեր գերիների հարցը: Դրա հետեւանքով պատերա՞զմ է սկսվելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ «Խաղաղասերն» ու «նացիստը» 2020 թվականի պատերազմից առաջ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: