Առաջին քայլով վերացնելու ենք «բաց» և «փակ» բաժնետիրական ընկերությունների տարբերակումը․ Դիանա Հակոբյան

Հայաստանում արժեթղթերի շուկան ակտիվացնելու առաջին քայլով վերացնելու ենք «բաց» և «փակ» բաժնետիրական ընկերությունների տարբերակումը․ ընկերությունը կա՛մ պետք է դառնա իրական բաժնետիրական ընկերություն՝ ազատ շրջանառվող բաժնետոմսերով և հաշվետվողականությամբ, կա՛մ վերակազմակերպվի ավելի պարզ իրավական ձևի՝ ՍՊԸ-ի։ Այս մասին ասել է «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Դիանա Հակոբյանը։

Նա նշել է, որ բանկերը, հեռահաղորդակցության օպերատորները, էներգետիկ, հանքարդյունահանող ընկերությունները պարտադիր պետք է գործեն բաժնետիրական ընկերության ձևով, քանի որ ունեն հանրային նշանակություն, հետաքրքրություն և բարձր ազդեցություն տնտեսության վրա։ Սա նշանակում է՝ թափանցիկ հաշվետվողականություն, հստակ վերահսկողություն և հնարավորություն՝ ներդրողների մասնակցության համար։

«Որքան մեծ է ընկերության ազդեցությունը հանրության վրա, այնքան բարձր պետք է լինի նրա թափանցիկությունն ու պատասխանատվությունը»,- ասել է տնտեսագետը։

Մանրամասնելով «Միասնության թևերի» տնտեսական պլատֆորմի 4-րդ ուղղությունը՝ Դիանա Հակոբյանը նշել է, որ հայկական արժեթղթերի շուկայում այսօր գերակշռում է «արջային» վարքագիծը՝ անվստահություն, կարճ մտածողություն, սպասում։

«Մեր նպատակը դա փոխելն է։ Այլ կերպ ասած՝ մենք կառուցում ենք տնտեսություն, որտեղ գերակշռում է աճի տրամաբանությունը, ոչ թե վախի։ Մենք ուզում ենք, որ հայերը դառնան «ցուլ»՝ որպես վստահ, երկարաժամկետ մտածող ներդրողներ, որոնք ներդրում են անում աճի, արտադրության և ապագայի մեջ։Հետևաբար, մենք խաղադրույք ենք կատարում «ցուլի» վրա»,- ասել է Դիանա Հակոբյանը։

Հիշեցնենք, որ «Միասնության թևերի» տնտեսական ծրագիրը հրապարակվել է փետրվարի 17-ին և կրում է «7 ուղղություն՝ 1 ճանապարհ» խորագիրը։

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment