Կան ծննդյան օրեր, երբ շնորհավորանքները երկինք են հասնում, իսկ պատասխանն ընդամենը լռությունն է… Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Թալինցի Մգրոյի՝ Մկրտիչ Հարությունյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 37 տարեկան… Նրա նմանները չեն հեռանում, նրանք դառնում են հավերժություն։
Այսօր երկինքը քեզ համար է մոմ վառում, իսկ մենք՝ հիշում, հպարտանում ու կարոտում:
Մկրտիչը նրանցից էր, ում կյանքը դարձավ հայրենիքին անմնացորդ ծառայելու օրինակ։ Նա պարզապես զինվոր չէր, նա հրամանատար էր, մարտական ընկեր, ամուսին, հայր և մարդ, ում համար հայրենիքի պաշտպանությունը կյանքի ամենաբարձր արժեքներից էր։ Ծնված լինելով Թալինում՝ նա իր անցած ճանապարհով ապացուցեց, որ հերոսությունը խոսքերով չէ։
2007 թվականից սկսած զինվորական ծառայությունը դարձավ նրա կյանքի կարևորագույն առաքելությունը։ Նա անցավ երկար ու դժվարին ճանապարհ՝ ծառայելով հատուկ նշանակության զորքերում, մասնակցելով Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին, պաշտպանելով հայրենիքի սահմանները։ Նրա ռազմական ուղին նշանավորվեց ոչ միայն մարտական փորձով, այլև պատասխանատվությամբ, գիտելիքներով ու առաջնորդի հատկանիշներով։
2023 թվականի ապրիլի 11-ին՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանագծում, Մկրտիչը կատարեց իր վերջին մարտական առաջադրանքը։ Նա զոհվեց հայրենիքի պաշտպանության համար՝ թողնելով մի պատմություն, որը երբեք չի կարող ավարտվել։ Հետմահու պարգևատրվելով «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով՝ նա արժանացավ հայրենիքի բարձրագույն գնահատանքին։
Բայց Մկրտիչի պատմությունը միայն պատերազմով ու հերոսությամբ չի սահմանափակվում։ Նա թողեց կնոջն ու երկու դուստրերին՝ մի ամբողջ կյանք, որը պետք է շարունակվեր, բայց ընդհատվեց հանուն բոլորիս խաղաղ ապագայի։ Այսօր նրա անունը հնչում է հպարտությամբ։ Թալինում նրա անունով փողոց կա, իսկ նրա հիշատակին կանգնեցված հուշարձանը սերունդներին հիշեցնելու է, թե ինչպիսի մարդ էր նա և ինչ գնով է պահպանվում հայրենիքի պատիվը։
Մգրո՛, այսօր քո ծննդյան օրն է։ Կուզեինք, որ այսօր շնորհավորեինք քեզ, լսեինք ձայնդ, տեսնեինք ժպիտդ։ Կուզեինք, որ քո դուստրերը հայրիկին գրկեին ու, իրար հերթ չտալով, հանգցնեին տորթի մոմերը: Բայց կյանքում կան անուններ, որոնք ժամանակը չի կարող ջնջել, և կան հերոսներ, որոնց բացակայությունն անգամ ներկայություն է դառնում։
Դու չապրեցիր այնքան, որքան արժանի էիր, բայց ապրեցիր այնպես, որ անունդ հավերժ մնա։
Թող քո անունը միշտ հնչի հպարտությամբ, քո հիշատակը մնա վառ, իսկ քո անցած ճանապարհը օրինակ լինի գալիք սերունդների համար։
Խոնարհում քեզ, մեր հերոս։
Հեղինակ՝ Անի Դավթյան ( Մկրտիչ Հարությունյանի կինը)