Արտառոց միջադեպ Գյումրիում․ 4-5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր կեսօրին Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել․ կանգնել է մի մեքենա, որից 4-5 հոգի դանակներով զինված իջնելով ՝ հարձակվել են կանգառում կանգնած մի երիտասարդի վրա՝ նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 1996 թվականին ծնված Հ․Մ․-ն ՝ մարմնի տարբեր՝ գլխի, դաստակի, սրունքի ու հետույքի հատվածներում կտրող-ծակող վերքերով ու քերծվածքներով։ Նրան վիրահատության են ենթարկել, վիճակը գնահատվում է կայուն։

Մեզ հաջողվեց ճշտել, որ դանակահարված երիտասարդը սպորտսմեն է, թե որն է եղել պատճառը նրա վրա հարձակվելու, դեռ անհայտ է, սակայն մտահոգողը օրը ցերեկով քաղաքի բանուկ հատվածում մեծ թվով պարեկների առկայության պայմաններում քաղաքացիների աչքի առջև հանցագործության կատարումն է։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment