Շրջակա միջավայրի նախարարության գնման մրցույթի հետքերով հարուցվել է քրեական գործ

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակում քննության առարկա է դարձրել 2025 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից հայտարարված օդային եղանակով նյութերի ցրման ծառայությունների ձեռքբերման մրցույթի արդյունքներով իրականացված աշխատանքների օրինականությունն ու արդյունավետությունը։ Քրեական վարույթը նախաձեռնվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիմումների հիման վրա։  

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է մրցույթի պայմանները, տեխնիկական պահանջները, պայմանագրային կետերի կատարման ընթացքը, ՀԿ-ի կողմից պետական կառույցներին ուղղված ահազանգերը, ինչպես նաև դրանց հիման վրա իրականացված գործողություններն ու իրավական զարգացումները։

9000 հեկտար՝ 15 օրում․ մրցույթի տեխնիկական պայմանները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2024 թվականի դեկտեմբերի 20-ին տարածել է նախարարության կարիքների համար՝ օդային եղանակով նյութերի ցրման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված բաց մրցույթի հրավեր։

Ըստ հրավերի՝ նախատեսված էր, որ կատարողը ծառայության մատուցումն իրականացնի 2025 թվականի մայիսի երրորդ տասնօրյակից մինչև հունիսի երկրորդ տասնօրյակը՝ 10-15 օրացուցային օրվա ընթացքում՝ կախված եղանակային պայմաններից և վնասատուների զարգացման ցիկլից, պատվիրատուի կողմից ներկայացված պատվեր-առաջադրանքի հիման վրա։

Ծրագիրը նախատեսված էր իրականացնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ընդհանուր 9000 հա անտառածածկ տարածքներում՝ Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում՝ անհրաժեշտության դեպքում այլ մարզեր ևս ընդգրկելու նախապայմանով։

Ծրագրով նախատեսված տեխնիկական բնութագրում նշված է, որ օդային եղանակով նյութերի ցրման ծառայությունների իրականացման նախապայմանների ցանկում նշվում է, որ ավիացիոն պայքարի աշխատանքների կազմակերպման և իրականացման համար կարող են կիրառվել ուղղաթիռ, ինքնաթիռ կամ համարժեք թռչող սարքեր, որոնց արտադրողականությունը կապահովի օրական շուրջ 500-800 հա ցողում՝ 1 հա-ի համար օգտագործելով առնվազն 30 լիտր լուծույթ (լուծվող նյութի՝ կենսաբանական հեղուկ պրեպարատի և լուծիչի՝ ջրի խառնուրդ)։

Թռիչքի բարձրությունը ցողման ընթացքում պետք է լինի ծառերի վերին շերտից (գագաթից) 10-15 մետր։

Մրցույթի արդյունքները․ 1 մասնակից ու հաղթող

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ կազմակերպություն՝ «ԷՅՋ ՋԻ ԷՅՋ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ն, որն էլ ճանաչվել է հաղթող՝ մոտ 149 մլն դրամ գնառաջարկով։

2025 թվականի փետրվարի 6-ին Շրջակա միջավայրի նախարարությունը պայմանագիր է կնքել ընկերության հետ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», ուսումնասիրելով «ԷՅՋ ՋԻ ԷՅՋ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրային դրույթներն ու պատվիրատուի վերահսկողական մեխանիզմները, հուլիսի 11-ին գրավոր հարցմամբ դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ կառույցի կողմից իրականացված վերահսկողության ու հաշվետվողականության մեխանիզմների կիրառման մասին։ 

Հուլիսի 18-ին նախարարությունից հայտնել են, որ պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումն իրականացվել է մայիսի 21-ից հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում։ Մատուցված ծառայությունների ընդունումն իրականացվել է Շրջակա միջավայրի նախարարության պատասխանատու մասնագիտական խմբի կողմից։

Անդրադառնալով կատարողի նկատմամբ հաշվետվության ներկայացման պահանջի բացակայությանը՝  նախարարությունից տեղեկացրել են․

«Պայմանագրի տեխնիկական բնութագրով (գնման գործընթացի կազմակերպման փուլում հաշվի են առնվել նախորդ տարիների փորձը) սահմանված չի եղել մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու պահանջ կատարողի կողմից։ Նման պահանջի սահմանումը կարող էր պարունակել մրցակցության խտրական տարրեր, քանի որ նախապես հայտնի չեն եղել ծառայությունների մատուցման համար կիրառվող տեխնիկական միջոցները»։

Միևնույն ժամանակ, չնայած հաշվետվության պարտադիր պահանջի բացակայությանը, նախարարությունից վստահեցրել են․

«Ծառայությունները մատուցվել են կատարողին նախօրոք տրամադրված քարտեզ-սխեմաների հիման վրա՝ ըստ անտառտնտեսությունների քառակուսիների և նախապես կազմված ժամանակացույցի։ […] Առանձին դեպքերում արձանագրվել են աննշան շեղումներ նախապես տրամադրված քարտեզ-սխեմաներից, որոնք էական ազդեցություն չեն ունեցել պայմանագրով նախատեսված աշխատանքների ամբողջ ծավալով և պատշաճ կատարման վրա»։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ահազանգը՝ իրավապահ մարմիններին

Հիմք ընդունելով նախարարությունից ստացված պատասխանը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հուլիսի 21-ին գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին՝ նշելով, որ կազմակերպության կողմից իրականացված մասնագիտական վերլուծության արդյունքում հանգել է եզրակացության, որ աշխատանքները տվյալ ժամկետներում ֆիզիկապես անհնար էր իրականացնել։

Կազմակերպությունը մտահոգիչ և կասկածելի է համարել այն հանգամանքը, որ՝

  • ընկերությունը 9 դրոնով պատրաստել է մասնագետներ և իրականացրել 9000 հեկտարի սրսկում՝ հաշվի չառնելով եղանակային խոչընդոտները, լոգիստիկան, տեխնիկական խնդիրներն ու սպասարկումը, ինչպես նաև մասնագիտական ռիսկերը։

«Փորձի հիման վրա տեխնիկական հնարավորությունների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման ծավալի աշխատանքը նույն սարքավորումներով պահանջում է առնվազն 35 օրից ավելի՝ իդեալական պայմաններում»,- նշված է ՀԿ-ի՝ իրավապահ մարմիններին ուղղված գրության մեջ։ 

Քրեական վարույթ և նախաքննություն

Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրության արդյունքում արձանագրել է կառավարչական, ֆինանսական և իրավական բնույթի մի շարք խախտումներ և նյութերն ուղարկել Դատախազություն։ Ծառայության կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև Հակակոռուպցիոն կոմիտեում՝ Շրջակա միջավայրի նախարարության և ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքների օրինականության և արդյունավետության մշտադիտարկման արդյունքում արձանագրված ենթադրյալ խախտումների ու չարաշահումների վերաբերյալ։

ՀՀ գլխավոր դատախազությունից ԻՔՄ-ին տեղեկացրել են, որ ՀԿ-ի դիմումի հիման վրա հոկտեմբերի 27-ին Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որը հետագայում ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննության իրականացման համար։

Բացի այդ, 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի՝ հանցագործության մասին հաղորդումը՝ Շրջակա միջավայրի նախարարության ու «ԷՅՋ ՋԻ ԷՅՋ ՔՈՄՓԱՆԻ» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքների օրինականության և արդյունավետության մշտադիտարկման արդյունքում արձանագրված ենթադրյալ խախտումների ու չարաշահումների վերաբերյալ։ 

Քննչական կոմիտեի և ՊՎԾ-ի հաղորդումների հիման վրա դեկտեմբերի 26-ին  Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք հետագայում միացվել են։ Ներկայումս իրականացվում է նախաքննություն։

Մրցութային պահանջների վերանայում

2026 թվականի փետրվարի 6-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տարածել է այս տարվա համար նախատեսված աշխատանքների իրականացման բաց մրցույթ, որտեղ արդեն վերանայել և խստացրել է մրցույթի մասնակիցների նկատմամբ վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմները՝ պահանջները դարձնելով առավել հստակ ու չափելի։

Մասնավորապես, նախարարությունը սահմանել է, որ աշխատանքների ավարտից հետո կատարողական ակտի հետ միասին կատարողը պարտավոր է ներկայացնել համապատասխան ծրագրային հավելվածից արտահանված հաշվետվություն, որում ըստ անտառտնտեսության մասնաճյուղերի պետք է արտացոլվեն՝

  • թռիչքների քարտեզ-սխեմաները և հետագծերը՝ աշխարհագրական դիրքով,
  • կատարված աշխատանքի ծավալները՝ հեկտարներով,
  • ծախսված նյութի քանակը՝ լիտրերով։

Նոր տարբերակում փոփոխվել է նաև աշխատանքների իրականացման ժամկետը․ եթե նախորդ պայմանագրով ավիացիոն պայքարի միջոցառումները նախատեսված էր 10-15 օր, ապա նոր տարբերակում՝ մինչև 55 օր։

Բացի այդ, մասնակիցը հայտով պետք է ներկայացնի կոնկրետ այն տեխնիկական միջոցը (կամ միջոցները) և դրանց արտադրական հնարավորությունները, որոնցով նախատեսում է մատուցել ծառայությունը։

Սահմանվել է նաև, որ մասնակիցը պարտավոր է ունենալ թռիչքների իրականացման համար նախատեսված համապատասխան թույլատվական փաստաթղթերի ամբողջական փաթեթը։

Այսպիսով, 2025 թվականին պայմանագրով նախատեսված 9000 հեկտար անտառների օդային մշակման աշխատանքներն իրականացվել են ոչ իրատեսական կարճ ժամկետներում և ոչ բավարար վերահսկողական մեխանիզմների պայմաններում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դիմումներից և ահազանգերից շուրջ 5 ամիս անց միայն պետական մարմիններին հաջողվել է հասնել նախաքննության փուլին, ինչը հարցեր է առաջացնում պետական կառավարման համակարգի արձագանքման օպերատիվության վերաբերյալ։

ՀԿ-ի դիտարկումների հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունը վերանայել և փոփոխել է այս տարեսկզբին հայտարարված մրցույթի պահանջները՝ սահմանելով հաշվետվողականության չափելի պահանջներ ու աշխատանքների իրականացման ավելի երկար ժամկետներ։

Գայանե Մարկոսյան

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:

The post Շրջակա միջավայրի նախարարության գնման մրցույթի հետքերով հարուցվել է քրեական գործ appeared first on FIP.AM.

Leave a comment