Այս պահին 10,000 քմ փոսալցում է արվել. բյուջեով նախատեսված է 200,000 քմ․ փոխքաղաքապետը՝ փոսալցման աշխատանքների մասին

Այս պահի դրությամբ փոսալցում է իրականացվել 10,000 քմ հատվածում, սակայն նախատեսված է աշխատանքներն իրականացնել 200,000 քմ տարածքում, ասել է փոխքաղաքապետը


ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է փոսալցման աշխատանքներին։


Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ փոսալցում է իրականացվել 10,000 քմ հատվածում, սակայն նախատեսված է աշխատանքներն իրականացնել 200,000 քմ տարածքում։


«Փոսալցումը ամբողջ տարվա համար է մեզ մոտ նախատեսվում, այսինքն՝ չունի հստակ ժամկետ», – նշել է Փամբուխչյանը։


Նրա խոսքով՝ 2024-2025 թթ․-երին միջին նորոգված կամ փոսալցված փողոցներում փոսեր գրեթե չկան, չնայած նույն քանակի աղ ու ավազի կիրառմանը։


«Այսինքն՝ որքան թարմ է նորոգումը կամ փոսալցումը, այդ հատվածներում փոսեր գրեթե չկան կամ առհասարակ բացակայում են», -նշել է փոխքաղաքապետը։


Փոխքաղաքապետի խոսքով՝ 2025 թվականին եղել է աննախադեպ ձյուն վերջին 10 տարիների ընթացքում։


«2025թ․-ին 2024-ի համեմատ 2,5 անգամ ավելի աղ ու ավազով մշակում է եղել։ Դա պայմանավորված է եղել առատ ձյան հետևանքով», – ասել է Փամբուխչյանը։


Անդրադառնալով ասֆալտապատման աշխատանքներում բիտումի օգտագործմանը՝ Փամբուխչյանը նշել է, որ բիտումի խնդիր չկա, սակայն կան որոշ դեպքեր, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում։


Մասնավորապես, փոխքաղաքապետը հայտնել է, որ Վարդանանց փողոցը ասֆալտապատվել է առանց բիտումի և ընդգծել, որ այդ ասֆալտն ամբողջությամբ կհեռացվի և կվերականգնվի շինարարական ընկերության հաշվին։


Խոսելով աշխատանքների ավարտի մասին՝ Փամբուխչյանը նշել է, որ եղանակային պայմաններից ելնելով՝ դրանք կարող են տևել մինչև դեկտեմբեր, սակայն իրենք փորձում են հարցին լուծում տալ նախքան եղանակի վատթարացումը։


 

Leave a comment