Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ամիսներ շարունակ քաղաքական դաշտում և փորձագիտական շրջանակներում քննարկվում են փոքր մոդուլային ռեակտորների արդյունավետության, անվտանգության, կիրառման միջազգային փորձի և հնարավոր ռիսկերի վերաբերյալ տարբեր պնդումներ։
Հայաստանն ու ԱՄՆ-ն փետրվարի 9-ին ստորագրեցին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարություն։
Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր ելույթում նշեց, որ այս համաձայնագիրը ճանապարհ է բացելու, որ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան կարողանա մուտք գործել Հայաստան։
Դրանից հետո մոդուլային ատոմակայանի կառուցման հարցը դարձավ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային քննարկումների թեմա։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս թեմայով հնչող հիմնական պնդումները։
Ինչ է մոդուլային ԱԷԿ-ը
Փոքր մոդուլային ռեակտորները (Small Modular Reactors, SMR) սահմանվում են որպես առավելագույնը 300 ՄՎտ էլեկտրական հզորությամբ միջուկային ռեակտորներ։ Դրանք էականորեն փոքր են ավանդական՝ 1000 ՄՎտ և ավելի հզորությամբ ռեակտորներից։
Դրանք կոչվում են «մոդուլային», քանի որ կարող են նախապես հավաքվել արտադրամասում և որպես առանձին մոդուլներ տեղափոխվել տեղակայման վայր։ Ըստ Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)՝ փոքր մոդուլային ռեակտորների նախագծերի զգալի մասը հիմնված է պասիվ անվտանգության համակարգերի վրա, որոնք օգտագործում են ֆիզիկայի օրենքները սառեցման համար՝ նվազեցնելով մարդկային գործոնի կամ էներգակիրների անհրաժեշտությունը վթարների ժամանակ։
Ռուսաստանը միակ երկիրն է, որ մոդուլային ատոմակայաններ է կառուցում երկրից դուրս
«5-րդ ալիք»-ը փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ատոմային ոլորտում հնարավոր համագործակցությանը՝ նշելով, թե Միացյալ Նահանգները մոդուլային ատոմակայան չունի, իսկ նման կայաններ աշխարհում ունեն միայն Ռուսաստանն ու Չինաստանը։
«Միայն Ռուսաստանն է, որը դրսում կառուցում է հիմա մոտ հինգ, թե վեց պրոյեկտ՝ Իրանում, Թուրքիայում, Հունգարիայում, Եգիպտոսում և ևս ասիական երկրներում»,- ասել է Քոչարյանը՝ չհստակեցնելով՝ խոսքը մոդուլային, թե ավանդական ատոմակայանների մասին է։
Ներկայում իսկապես ոչ միայն կառուցված, այլև գործարկված փոքր մոդուլային ռեակտորներ ունեն միայն Ռուսաստանն ու Չինաստանը։
Ռուսաստանի Չուկոտկայի շրջանում 2019-ից շահագործվում է «Ակադեմիկոս Լոմոնոսովի» լողացող մոդուլային ռեակտորը։
Բացի այդ, Յակուտիայում կառուցվում է առաջին ցամաքային մոդուլային կայանը, որը նախատեսվում է գործարկել 2028-ին։
Չինաստանը ներկայում մշակում է երկու տարբեր փոքր մոդուլային ռեակտորային նախագծեր։ 2023-ի դեկտեմբերին առևտրային շահագործման է հանձնվել HTR-PM բարձր ջերմաստիճանային գազային ռեակտորը, որը բաղկացած է երկու մոդուլներից և արդեն էլեկտրաէներգիա է մատակարարում ցանցին։ Բացի այդ, Հայնան նահանգում ավարտին է մոտենում Linglong One (ACP100) թեթև ջրային փոքր մոդուլային ռեակտորի կառուցումը, որի առևտրային շահագործումը նախատեսվում է սկսել 2026-ի առաջին կիսամյակում։ Հատկանշական է, որ Linglong One-ը աշխարհում առաջին SMR-ն է, որը ստացել է ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության դրական եզրակացությունը»։
Ռուսաստանը արտերկրում փոքր մոդուլային ռեակտորների (SMR) կառուցման միայն մեկ հաստատված նախագիծ ունի՝ Ուզբեկստանում։ 2026-ի հունվարին «Ռոսատոմը» հայտնել է, որ աշխատանքներն անցել են ակտիվ փուլ․ առաջին էներգաբլոկի հիմքի փոսի փորումը սկսվել էր 2025-ի հոկտեմբերին։ Նախատեսվում է, որ առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2029-ի վերջին։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հիշատակած մյուս երկրներին՝ Թուրքիային, Հունգարիային և Եգիպտոսին, ապա այդ երկրներում Ռուսաստանը կառուցում է ոչ թե մոդուլային, այլ ավանդական՝ մեծ հզորության ատոմակայաններ։ Թուրքիայում («Աքքույու») և Հունգարիայում («Պակշ-2») իրականացվող նախագծերը տարբեր փուլերում բախվել են ֆինանսական և պատժամիջոցային սահմանափակումների։
2025-ի հունիսին ԱՄՆ-մ պատժամիջոցային բացառություն կիրառեց, ինչի արդյունքում հնարավոր դարձավ շարունակել «Պակշ-2» կայանի շինարարական աշխատանքները։ Euronews-ի հաղորդմամբ՝ այդ գործընթացին զուգահեռ Հունգարիան համաձայնել էր ամերիկյան հեղուկ գազ (LNG) ձեռք բերել։ Իսկ 2026-ի փետրվարի 16-ին ԱՄՆ-ն և Հունգարիան ստորագրեցին քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագիր՝ նաև հայտարարելով փոքր մոդուլային ռեակտորների զարգացման ուղղությամբ համագործակցության մասին։
Ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա 2025-ի նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ «Էլ-Դաբաա» ատոմակայանի առաջին էներգաբլոկի ճնշման տարայի տեղադրումը։ Նույն օրը Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ «պատրաստ են Եգիպտոսի հետ կիսվել եզակի տեխնոլոգիաներով՝ այդ թվում փոքր մոդուլային ռեակտորների հավաքման և խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտներում»։ Այնուամենայնիվ, ներկայում Եգիպտոսում մոդուլային ռեակտորների կառուցման վերաբերյալ որևէ հաստատված ծրագիր կամ իրական աշխատանք չկա։
Նմանատիպ իրավիճակ է նաև Իրանում. 2025-ի սեպտեմբերի 24-ին Ռուսաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել մոդուլային ռեակտոր կառուցելու վերաբերյալ, սակայն այն դեռ նախնական քննարկումների փուլում է, շինարարական աշխատանքներ չեն սկսվել։
ԱՄՆ-ի «փորձի պակասի» և լիցենզավորման մասին պնդումները
Ամերիկյան մոդուլային ռեակտորների շուրջ քննարկումներում հաճախ է շրջանառվում այն թեզը, թե Միացյալ Նահանգները չունի պատրաստի կայան և տեխնոլոգիական փորձ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չունի կառուցված մոդուլային ատոմակայան, որը հնարավոր կլիներ տեսնել և հասկանալ աշխատանքի սկզբունքը։
Նմանատիպ պնդում է արվել նաև «5-րդ ալիքի» ռեպորտաժում, որտեղ լրագրողը նշել է, թե «ԱՄՆ-ն չունի մոդուլային ատոմակայան, իսկ լիցենզավորումն այդ երկրում դեռ ավարտված չէ»։
ԱՄՆ-ում մի շարք ընկերություններ տարիներ շարունակ մշակում են փոքր մոդուլային ռեակտորների նախագծեր՝ ստանալով պետական աջակցություն։ Սակայն շինարարություն սկսելու համար նախագիծը պետք է անցնի ԱՄՆ Միջուկային կարգավորող հանձնաժողովի (NRC) բազմափուլ անվտանգության գնահատում։ Նախ հաստատվում է նախագծի համապատասխանությունը, ապա տրվում է Համակցված թույլտվություն (Combined License – COL), որը թույլ է տալիս կառուցել և շահագործել ռեակտորը։ Շինարարության ընթացքում NRC-ն վերահսկում է, որ աշխատանքներն իրականացվեն հաստատված նախագծին համապատասխան։
ԱՄՆ-ում առաջին ընկերությունը, որի փոքր մոդուլային ռեակտորի նախագիծը ստացել է ԱՄՆ Միջուկային կարգավորող հանձնաժողովի նախագծի հավաստագիր (Design Certification), «NuScale Power Corp»-ն է։ 2020-ին NRC-ն հաստատել է ընկերության 50 ՄՎտ հզորությամբ ռեակտորի նախագիծը՝ ճանաչելով դրա համապատասխանությունը անվտանգության սահմանված չափանիշներին։ Սակայն նախագծի հավաստագրումը դեռ չի նշանակում կոնկրետ կայանի կառուցման և շահագործման թույլտվություն, քանի որ ընկերությունը պետք է անցնի անվտանգությունը հավաստող հաջորդ փուլերով։
Չնայած լիցենզավորված դիզայնին, NuScale-ի առաջին նախատեսվող առևտրային նախագիծը՝ Carbon Free Power Project-ը, 2023-ին դադարեցվեց։ Bloomberg-ի և մասնագիտական այլ աղբյուրների համաձայն՝ չեղարկման պատճառները հիմնականում տնտեսական էին։ Նախագծի գնահատված էլեկտրաէներգիայի արժեքը մեկ Մվտ-ժամի համար սկզբնական շուրջ $58-ից աճել էր մինչև մոտ $89՝ գնաճի, ֆինանսավորման ծախսերի բարձրացման և նախագծային ծախսերի վերանայման հետևանքով։ Ծախսերի աճը հանգեցրել էր նրան, որ նախագիծը չկարողացավ ապահովել անհրաժեշտ 80% գնորդական պարտավորությունների շեմը։
Միևնույն ժամանակ, ընկերությունը հայտարարել է, որ շարունակում է համագործակցել տեղական և միջազգային գործընկերների հետ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան առաջ մղելու ուղղությամբ։ 2025-ին ԱՄՆ Միջուկային կարգավորող հանձնաժողովը (NRC) հաստատել է նաև NuScale-ի արդիականացված՝ 77 ՄՎտ հզորությամբ դիզայնը (Standard Design Approval), ինչը վերաբերում է տեխնիկական նախագծին, ոչ թե կոնկրետ առևտրային նպատակներով կայանի կառուցման թույլտվությանը։
Հայաստանը՝ որպես փորձադաշտ ԱՄՆ-ի մոդուլային ռեակտորների համար
«Մեր ձևով» շարժման անդամ, քաղաքագետ Անդրանիկ Գևորգյանը փետրվարի 10-ին 24news-ի եթերում պնդել է, թե ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը Հայաստանում փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու հարցում պայմանավորված է նրանով, որ նախագիծը նրանց համար փորձնական բնույթ ունի և առաջին անգամ կիրականացվի հենց Հայաստանում։
Մինչդեռ, ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի ներդրման գործընթացը արդեն մի քանի տարի է՝ ընթանում է այլ երկրներում։ Ռումինիայում ամերիկյան NuScale-ի տեխնոլոգիայով SMR նախագիծն անցել է նախագծման (FEED) փուլերը, ստեղծվել է նախագծային համատեղ ընկերություն, իսկ 2026-ին հաստատվել է ներդրումային որոշումը։ Առաջին մոդուլի շահագործումը նախատեսվում է առաջիկա տարիներին։
Բացի այդ, Կանադայի Օնտարիո նահանգի Դարլինգթոն ատոմակայանի տարածքում արդեն մեկնարկել է GE Hitachi ընկերության BWRX-300 տեխնոլոգիայով փոքր մոդուլային ռեակտորի շինարարությունը։ Ծրագիրն իրականացվում է Օնտարիոյի էլեկտրաէներգիայի արտադրություն (Ontario Power Generation, OPG) ընկերության կողմից և համարվում է G7 երկրների շրջանակում ցամաքային SMR-ի կառուցման առաջին նախագիծը։ 2025-ին Կանադայի միջուկային անվտանգության հանձնաժողովը OPG-ին տրամադրել է ռեակտորի կառուցման պաշտոնական լիցենզիա։
Դեռ 2022-ին ԱՄՆ-ի Թեննեսիի հովտի վարչակազմը (TVA) և կանադական Օնտարիոյի էլեկտրաէներգիայի արտադրությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ BWRX-300 ռեակտորների զարգացման և փորձի փոխանակման նպատակով։ Բացի այդ, ԱՄՆ-ի և Կանադայի միջուկային կարգավորող մարմինները (US NRC և CNSC) համագործակցում են տեխնոլոգիայի կարգավորողական գնահատման գործընթացներում։
Լեհաստանը նույնպես պատրաստվում է կառուցել մոդուլային ռեակտորներ՝ օգտագործելով ամերիկյան GE Hitachi BWRX-300 տեխնոլոգիան։ Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարարությունը 2023-ին վեց վայրերի համար տրամադրել է սկզբունքային վարչական որոշում, որոնք վերաբերում են մինչև 24 մոդուլի հնարավոր տեղակայմանը։ 2025-ին արդեն ընտրվել է առաջին ռեակտորի նախընտրելի տեղակայման վայրը։ Նախագիծը ներկայում լիցենզավորման և նախապատրաստական փուլում է։
Հայաստանը սեյսմավտանգ գոտում է․ զուգահեռներ Ֆուկուսիմայի ամերիկյան ռեակտորների հետ
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը սեյսմավտանգ գոտում է, և եթե ամերիկյան տեխնոլոգիայով փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը մտնի գործնական փուլ, Ռուսաստանը ստիպված կլինի հաշվի առնել նոր ռիսկեր միջուկային անվտանգության ոլորտում։ Նրա խոսքով՝ այդ դեպքում «սեյսմավտանգ գոտում կկատարվեն ամերիկյան փորձեր ատոմային տեխնոլոգիաների ոլորտում», ինչը պետք է դիտարկել որպես սպառնալիք։
Շոյգուն զուգահեռ է անցկացրել Ճապոնիայի «Ֆուկուսիմա Դաիչի» ատոմակայանի վթարի հետ՝ նշելով, որ այնտեղ շահագործվում էին ամերիկյան արտադրության ռեակտորներ։
«Չեմ ցանկանա զուգահեռներ անցկացնել, սակայն հիշեցնեմ, որ երկրաշարժի հետևանքով ճապոնական «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում հենց ամերիկյան ռեակտորներն էին վնասվել»,- նշել է նա։
Ճապոնիայում 2011-ին տեղի ունեցած 9.0 մագնիտուդով երկրաշարժից և դրան հաջորդած ցունամիից հետո վթարի ենթարկվեց «Ֆուկուսիմա Դաիչի» ատոմակայանը։
Վթարից հետո ատոմակայանի օպերատոր՝ Tokyo Electric Power Company (TEPCO) ընկերությունը նշել է, որ վթարի հիմնական պատճառը երկրաշարժին հաջորդած ցունամին էր, որը խափանեց սառեցման համակարգերը։
Միևնույն ժամանակ Ճապոնիայի խորհրդարանական անկախ հանձնաժողովի զեկույցում ցունամին չի ներկայացվում որպես աղետի միակ պատճառ։ Զեկույցը Ֆուկուսիմայի վթարը բնորոշում է որպես «մարդածին»՝ մատնանշելով, որ կայանի օպերատորն ու կարգավորող մարմինները բավարար անվտանգության միջոցներ չէին ձեռնարկել։ Զեկույցում նաև ընդգծվում է, որ երկրաշարժի ազդեցությունը որպես հնարավոր գործոն ամբողջությամբ բացառել չի կարելի։
Հատկանշական է, որ ավելի վաղ՝ 1986-ին, Խորհրդային Միության կազմում գտնվող Ուկրաինայում, գրանցվել էր Չեռնոբիլի ատոմակայանի աղետը։ Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարը համարվում է Չեռնոբիլի ատոմակայանի աղետից ի վեր ամենածանր աղետը։
Սակայն, ի տարբերություն նախորդ սերնդի կայանների՝ ժամանակակից ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորները նախագծվում են՝ հաշվի առնելով բարձր սեյսմիկ ռիսկերը և բազմակի անվտանգության շերտեր կիրառելով։ Օրինակ՝ NuScale-ի ռեակտորային մոդուլները տեղակայվում են ստորգետնյա ջրային ավազանում, ինչը բարձրացնում է սեյսմակայունությունը և ֆիզիկական պաշտպանվածությունը։ Բացի այդ, համակարգը նախատեսում է «պասիվ սառեցման» մեխանիզմներ, որոնք կարող են գործել առանց արտաքին էլեկտրամատակարարման։ Այսպիսի նախագծային լուծումները նպատակ ունեն նվազագույնի հասցնելու այնպիսի սցենարների ռիսկը, ինչպիսին Ֆուկուսիմայում տեղի ունեցած սառեցման համակարգերի խափանումն էր։
Հայաստանի մոդուլային ատոմակայանի մասին իշխանությունների հայտարարությունները
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (ՏԿԵՆ) Դավիթ Խուդաթյանը փետրվարի 4-ին նշել է, որ Հայաստանում նոր մոդուլային ատոմակայանի կառուցումը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի 2027-ին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային ոլորտում համագործակցության շրջանակում Հայաստանը կստանա տեղեկատվություն ամերիկյան մոդուլային ռեակտորների մասին, իսկ ռուսական առաջարկը ևս ուսումնասիրվում է։ Միաժամանակ պաշտոնյաները հայտնել են, որ Հայաստանը նախընտրել է մոդուլային տարբերակը, սակայն դեռ չի որոշել, թե որ երկրի տեխնոլոգիան կընդունվի։
The post Մոդուլային ատոմակայանների շուրջ պնդումները. ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ appeared first on CIVILNET.