Շիրակի մարզպետն ու Ֆինանսների նախարարը հանդիպել են ուսանողների հետ

Շիրակի մարզպետն ու Ֆինանսների նախարարը հանդիպել են ուսանողների հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ այսօր մասնակցել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ուսանողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, որն առնչվել է պետական ֆինանսների կառավարման էկոհամակարգին։

Մարզպետը ողջունել է ներկաներին, կարևորել պետական պաշտոնյաների և ուսանողների շփումներն ու համագործակցությունը՝ ընդգծելով, որ նման հանդիպումները կարևոր հարթակ են փորձի փոխանակման, գաղափարների ներկայացման և նոր նախաձեռնությունների ձևավորման համար։

«Երիտասարդների ակտիվ մասնակցությունը հանրային կառավարման գործընթացներին ոչ միայն խթանում է նրանց մասնագիտական աճը, այլև նպաստում է պետական համակարգի թարմացմանն ու արդյունավետության բարձրացմանը։ Շատ կարևոր է, որ պետական պաշտոնյաները պարբերաբար այցելեն տարբեր մարզեր։ Դա կարևոր է նաև մեր մարզի, հատկապես շիրակցի ուսանողների համար։ Միևնույն ժամանակ վստահ եմ, որ նախարարներն էլ շատ բան կարող են սովորել մեր ուսանողներից, որովհետև նրանք իսկապես պատրաստված են և լայնախոհ։ Այսօր մեր Կառավարությունը յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն է տալիս գիտելիքի, կարողությունների և աշխատասիրության շնորհիվ զբաղեցնել բարձր պաշտոն։ Ուսանողների նորարար մտածողությունն ու ժամանակակից մոտեցումները կարող են կարևոր ներդրում ունենալ համայնքների զարգացման ծրագրերում»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն էլ կարևորվել է երկխոսության մշակույթի ձևավորումը, որի միջոցով հնարավոր է համատեղ ուժերով գտնել առկա խնդիրների լուծումները և հորդորել է ուսանողներին լինել նախաձեռնող, չվախենալ բարձրաձայնել առաջարկներն ու դիտարկումները։

Նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ֆինանսների բնագավառում պետական քաղաքականությունը, նախարարության դերն ու գործառույթները բարեփոխումների համատեքստում և պատասխանել դասախոսներին և ուսանողներին հետաքրքրող հարցերին՝ վստահեցնելով, որ պատրաստ է շարունակական համագործակցության և բաց է կառուցողական առաջարկների համար՝ ի շահ պետության զարգացման և երիտասարդ սերնդի ներուժի լիարժեք իրացման։

Leave a comment