Ինչպես արդեն հայտնել ենք, ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտել են 5 տարի, 4 ամիս ժամկետով ազատազրկման․ Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը ։
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ որոշումն անսպասելի չէ, իշխանության իրականացրած քաղաքական բռնաճնշումների շրջանակում է։
«Սա քաղաքական ռեպրեսիա է, քաղաքական հաշվեհարդար, քաղաքական ընդդիմախոսների, այս դեպքում՝ Մասիսի համայնքապետի թեկնածուի նկատմամբ։ Ժողովրդավարության բռնաբարում է, մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ ոտնձգություն։
Մենք օրինական միջոցներով, ինչպես մինչև հիմա, շարունակելու ենք պայքարել բոլոր քաղբանտարկյալների ազատության համար, այդ թվում՝ ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանի ազատության համար։
Մեզ համար սա արդեն տարիներ շարունակ ձգվող իրավիճակ է, ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանն է կալանավորված, տարիներ շարունակ մեր ընդդիմադիր գործընկերներն են կալանավորվել, այդ թվում՝ Դավիթ Համբարձումյանը։
Սա պայքար է, պարզապես անհավասար պայքար է, որովհետև մենք պայքարում ենք օրենքի շրջանակներում, իսկ իրենք պայքարում են՝ ինչպես ուզում են»,-ասում է Շարմազանովը։
Նա հավելում է․
«Գաղութում լինի, թե ազատության մեջ, մենք պայքարելու ենք մեր գաղափարների համար»։