Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս Հարավային Կովկասի խաղաղության և կայունության օգտին, ինչը թույլ կտա լիարժեք բացահայտել տարածաշրջանի տնտեսական և տարանցիկ ներուժը։ Այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով՝ ռուս-չինական փոխգործակցությունը միջազգային անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկն է և գլոբալ հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնը։
«Ռուսաստանն ու Չինաստանը համախոհների հետ նպաստում են ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի կառուցմանը և Եվրասիայում հավասար ու անբաժանելի անվտանգության և համագործակցության տարածքի ձևավորմանը, որի մասն է նաև Հարավային Կովկասը»,- ասաց Կոպիրկինը։
Դիվանագետը նշել է, որ Մոսկվան և Պեկինն առաջ են մղում Եվրասիական տնտեսական միության և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ պայմաններ ստեղծելով մայրցամաքի համատեղ տնտեսական զարգացման համար։
Նա նաև հիշեցրեց, որ Ռուսաստանը լիովին աջակցում է Ասիական–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունում Չինաստանի նախագահությանը և համաժողովի աշխատանքի՝ Պեկինի նախանշած առաջնահերթություններին, որոնց թվում են բաց լինելը, նորարարությունները և փոխկապակցվածությունը։
Խոսելով երկկողմ տնտեսական համագործակցության մասին՝ Կոպիրկինն ընդգծեց, որ Ռուսաստանի և Չինաստանի տնտեսությունները սահուն լրացնում են միմյանց, իսկ երկրների միջև ապրանքաշրջանառությունը չորրորդ տարին անընդմեջ գերազանցում է 200 մլրդ դոլարը։
Մոսկվան ու Պեկինն ամրապնդում են տրանսպորտային կապերը, համատեղ զարգացնում են Հյուսիսային ծովային ուղին, նախագծեր են իրականացնում խաղաղ ատոմի ոլորտում, համագործակցում են տիեզերական ոլորտում և արբանյակային նավիգացիայի բնագավառում։ Ընդլայնվում է փոխգործակցությունը գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում։
Հայաստանում ՉԺՀ դեսպան Լի Սինվեյն իր հերթին ընդգծեց, որ ռուս-չինական հարաբերությունները կառուցվում են բարիդրացիության և փոխըմբռնման սկզբունքների հիման վրա։
«Մեր երկրներն արդեն լավ բարեկամներ են դարձել, և ցանկացած հարց մենք կարող ենք քննարկել ոչ միայն պաշտոնական, այլև բարեկամական ձևաչափով»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ համանման հարաբերություններ են ձևավորվել նաև Չինաստանի և Հայաստանի միջև։
Լի Սինվեյը Կոպիրկինին «եղբայր» անվանեց։ Չինացի դիվանագետը նշեց, որ պարբերաբար շփվում է Հայաստանում աշխատող տարբեր երկրների գործընկերների հետ, սակայն հենց Ռուսաստանի դեսպանին է համարում իր ամենամտերիմ և հավատարիմ ընկերը։
Դիվանագետի խոսքով` Ռուսաստանի և Չինաստանի բարեկամությունը չի սահմանափակվում ռազմավարական գործընկերության երեք տասնամյակով կամ Խորհրդային Միության հետ ՉԺՀ-ի համագործակցության փորձով։ Երկու երկրների հարաբերությունները շատ ավելի խոր պատմական արմատներ ունեն։
Լի Սինվեյը համոզմունք հայտնեց, որ առանց Ռուսաստանի և Չինաստանի ժամանակակից աշխարհն այլ տեսք կունենար։