ԱՁ-ների հաշվառումն ու ընկերությունների գրանցումը կդառնան բացառապես էլեկտրոնային

Կառավարությունը հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերին՝ մի շարք գործառույթներ տեղափոխելով բացառապես էլեկտրոնային հարթակ։

Ինչու է դա կարևոր. Փոփոխությունները համապատասխանեցնում են գրանցման և հաշվառման ծառայությունները պետական կառավարման թվային վերափոխման քաղաքականությանը՝ վերացնելով սպասարկման վայր անձամբ ներկայանալու անհրաժեշտությունը, կրճատելով թղթային փաստաթղթաշրջանառությունն ու վարչական աշխատանքը։

Նոր կարգավորումների առանցքային մանրամասները.

  • Անհատ ձեռնարկատերերի (ԱՁ) պետական հաշվառում.

    • Նախագծերի ընդունմամբ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման, տվյալների փոփոխության հաշվառման և հաշվառումից հանելու դիմումները կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։

    • Այս պահանջը վերաբերում է ՀՀ նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին և Հայաստանում համապատասխան կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին։

  • Իրավաբանական անձանց պետական գրանցում.

    • Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու պարտադիր պահանջ է նախատեսվում նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ), բաժնետիրական ընկերության և հասարակական կազմակերպության պետական գրանցման՝ օրենքով նախատեսված համապատասխան դեպքերի համար։

  • Ակնկալվող արդյունքները.

    • Առցանց մատուցվող ծառայությունների օգտագործելիության բարձրացում։

    • Սպասարկման վայր անձամբ ներկայանալու անհրաժեշտության նվազեցում, թղթային փաստաթղթաշրջանառության կրճատում և գործընթացների միասնական իրականացում։

Leave a comment