«Ճշմարտությունը զոհերի հետ է, ոչ թե քաղաքական գործիչների հետ: Այն, ինչ իմ նախնիներն ապրեցին, ես ապրեցի տարիներ հետո»: Երկու կողմից ցեղասպանության վերապրողների դուստր ամերիկահայ դատավոր Կասյա Աբգարյանի ելակետը մեր խնդիրները լսելի ճանաչելի դարձնելն է: «Բացի տեղեկատվական լինելուց, տարբեր ժողովուրդների՝ ճնշվածների ձայները ՀՀ-ից են լսվում: Այն հանգամանքը, որ մենք պետություն ունենք, շատերը չունեն, ուժեղացնու՞մ է արցախցիներին, որ տեսնում են, թե իրենք ցավի մեջ մենակ չեն, հույս են տալիս, որ հոգեբաններ, փաստաբաններ մի մեծ համայնք, աշխարհի տարբեր երկրներից հայ իրավաբաններ իրենց հարցով են զբաղվում, անտարբեր չեն»: Հարց ենք ուղղում Կասիա Աբգարյանին:
«3 տարբեր նպատակ ունինք: Նախ՝ կուզենք աշխարհով մեկ իմանան, որ Հայաստանը իսկապես դեմոկրատիա է եւ այս շրջանի մեջ մարդու իրավունքներու կենտրոն: Որ այս միջազգային փորձագետները, փաստաբանները, դատավորները, դատախազները կազմակերպություններն իմանան, որ Հայաստանում մարդու իրավունքների, միջազգային օրենքի հանդեպ հարգանք կա եւ Հայաստանն ապահով վայր է այս նյութերը քննարկելու եւ լուծելու համար՝ ոչ միայն հայերի՝ արցախցիների, այլեւ ուրիշ ազգերի համար: 2-րդ՝ միշտ կկարծեն, որ հայերս միայն մեկ ցեղասպանություն տեսած ենք, լինի դա 1915-ին, թե 2023-ին, տարբերություն չըներ: Երբ տուժողները լսում են ուրիշ տուժողներու իրականությունը, կզգան, որ իրենք մինակ չեն, առանձին չեն, դժբախտաբար միլիոնավոր ժողովուրդներ տառապանքի մեջ են: 3-րդ մենք հայերս մինակնիս չենք կրնար մեր տուժողներու իրավունքները պաշտպանել միջազգային դատարաններում: Ուրիշները պետք են, որ միանան մեր հարցերուն: Եւ դա անելու համար իրենց պիտի զեկուցվի իրականությունը: Զեկուցումը գրավոր ձեռքերնին տալ, որ կարդան, ազդեցիկ չէ: Իրենք պիտի գան Հայաստան, պիտի լսեն, ինչպես լսեցին Արցախի տուժողներից մեկին: Մեր իրականությունը պետք է իրենք տեսնին, հասկնան, ցավին, հուզվին, որ ընդունին, որ մենք հայց ենք դնում կազմակերպություններու առջեւ եւ դատարաններում, որ մենք մինակ չանենք, այլ ընդհակառակը իրենք նախօրոք պատրաստված լինեն: Օրինակ միջազգային քրեական դատարանի (ICC) պարագայում դատախազներից արդեն 4-րդ տարին է, որ Հայաստան են գալիս՝մեկը մյուսին լսելով: Արցախի հարցը փակ նյութ մը չէ իրենց համար: Բայց մեկ անգամ համաժողով անելով, չըլլար, շարունակաբար պիտի արվի: Ամեն տարի տարբեր կարեւոր անձանց ենք հրավիրում, Արցախի 44- օրյա պատերազմի ժամանակ ասում էին՝ մեզ մարդ չի օգնում: Մենք մինակ ենք: Մարդ պիտի չօգնե, եթե մեր ցավն իրենց չլսեցնենք: Նույնիսկ Պաղեստինի պարագային վերջին մեկ տարվա ընթացքին է, որ հոս հասավ: Խայտառակ վիճակի մեջ են, բայց հիմա նոր է, որ աշխարհը խելքի եկավ, երբ սարսափելի մակարդակներու հասած է:Նորություն չէ, որ արցախցիների, հայերի հարցը աշխարհով մեկ չէ իմացված: Բայց մեզ պետք չէ, որ աշխարհն իման, մեզ պետք է, որ կարեւոր մարդիկ իմանան, կարեւոր կազմակերպությունները եւ դատարանները: Դա է նպատակը»: Կասիա Աբգարյանն ի՞նչ կարծիք ունի՝ ո՞ր պարագայում Ադրբեջանը բաց կթողնի հայ պատանդներին: Մեր հարցին ի պատասխան, Աբգարյանը հստակ է շարադրում՝«Չի թողնի: Միայն եթե որոշ քաղաքական ելքեր լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Իրավաբանական ոչ մի ձեւ չկա: Քանի որ Ադրբեջանը նրանց դատեց ըստ իրենց քրեական դիրքի, ներքին կարգով՝ որպես Ադրբեջանի քրեական հանցագործ: Եւ որեւէ երկիր ուրիշ երկրի դատական գործերի մեջ քիթը մտցնելու իրավունք չունի: Իրավաբանորեն ձեւ չկա, միայն քաղաքականորեն ձեւ կա: Քաղաքականությունն ամեն օր փոխվում է: ԱՄՆ ի՛նչ եղավ վերջին երկու շաբթվա ընթացքին, միանգամից կտրուկ փոխվեց», նկատել է տալիս Կասիա Աբգարյանը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: