ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ դեկտեմբերին Ադրբեջան նախատեսվող այցի քննարկումների օրակարգում լիենլու են երկկողմ հարաբերությունների հարցեր
«Մեր մշտական քննարկվող հարցերն են, օրակարգը շատ չի տարբերվելու։ Մեր գործընկերը ժամանել էր Հայաստան, հիմա մեր հերթն է։ Ես կգնամ, կպայմանավորվենք նաև հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Նման հանդիպումներին այնքան հարցերի մասին ենք խոսում, որ հիմնականում նույն հարցերն են օրակարգում»,- նշել է Ալեն Սիմոնյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպման շրջանակում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Արմենպրեսը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ տպավորություններ է ստացել անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումից՝ Սիմոնյանն ընդգծել է, որ նման քննարկումները հնարավորություն են տալիս պարզաբանելու և ներկայացնելու տարբեր հարցերի շուրջ ձևավորված ընկալումները։
«Ամենակարևոր և հետաքրքիր բանն այն է, որ կան հարցեր ու ընկալումներ, որոնք խոսելու, բացատրելու, ասելու կարիք ունեն։ Միգուցե թվում է, թե ինչ-որ բան ակնհայտ է, բայց հաճախ թե՛ մարդկային հարաբերություններում, թե՛ միջպետական հարաբերություններում, առավել ևս՝ հասարակությունների հետ շփման ընթացքում շատ կարևոր է բացահայտել անգամ ամենաակնհայտը»,- նշել է նա։
Խոսելով հայ-ադրբեջանական տնտեսական կապերի զարգացման հեռանկարների մասին՝ Սիմոնյանն ուշադրություն է հրավիրել երկու երկրների գյուղատնտեսական ոլորտների ընդհանրությունների վրա։ Միաժամանակ նա ընդգծել է, որ նավթի և գազի պաշարների առկայությունն Ադրբեջանին որոշակի առավելություններ է տալիս։
ԱԽ քարտուղարի գնահատմամբ՝ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը կարող է բարձրացնել Հայաստանի գրավչությունը նաև միջազգային կազմակերպությունների համար։
«Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության հիմնական մեխերից մեկը ճանապարհն է»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։
Ալեն Սիմոնյանն ավելի վաղ տեղեկացրել էր դեկտեմբերին Ադրբեջան մեկնելու մտադրության մասին։ Նրա փոխանցմամբ՝ առաջիկա այցը պատասխան բնույթ է կրելու՝ հաջորդելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ հունիսին Հայաստան կատարած այցին։