Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը բողոք է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին՝ Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ ադրբեջանական հավակնություններ ներկայացնող գրքերի կապակցությամբ
Դոկտոր Ռոբերտ Կրիկորյանը պարզաբանում է պահանջում Բաքվի ֆինանսավորմամբ հրատարակված «Իրավան» գրքերի՝ Կոնգրեսի գրադարանի հովանավորությամբ կազմակերպված շնորհանդեսի վերաբերյալ և Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին խնդրում հետաքննել միջադեպը։
ՎԱՇԻՆԳՏՈՆ, Կոլումբիայի շրջան։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) բողոք է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին՝ հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի պետական աջակցությամբ հրատարակված երկու գրքերի շնորհանդեսը պաշտոնապես հովանավորելու կապակցությամբ։ Գրքերում Հայաստանի մայրաքաղաք Երևանը ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը պահանջում է գրադարանից ամբողջական պարզաբանումներ և խնդրում Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին ուսումնասիրել, թե ինչպես է երկրի գլխավոր գրադարանը հայտնվել Հայաստանի դեմ ուղղված օտարերկրյա քարոզչական արշավի հովանավորի դերում։
Նոյեմբերի 24-ին Կոնգրեսի գրադարանի տնօրենի պաշտոնակատար Ռոբերտ Ռ. Նյուլենին ուղղված նամակում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետազոտությունների և վերլուծությունների բաժնի տնօրեն դոկտոր Ռոբերտ Կրիկորյանը շեշտադրել է «լեգիտիմությունը», որը Կոնգրեսի գրադարանն իր պաշտոնական հովանավորությամբ հաղորդել է այդ միջոցառմանը։
«Միանգամայն անընդունելի է, որ Կոնգրեսի գրադարանը ներգրավված լինի օտարերկրյա քարոզչական նման գործունեության մեջ։ Մենք մտադիր ենք դիմել Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամներին՝ պարզելու, թե ինչպես կարող էր տեղի ունենալ ակադեմիական ազնվության նման աղաղակող խախտում»,- գրել է դոկտոր Կրիկորյանը։
Նամակի պատճենն ուղարկվել է նաև գրադարանի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավար դոկտոր Յորամ Բիթոնին, ինչպես նաև Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին (Դեմոկրատական կուսակցություն, Նյու Ջերսի), Գաս Բիլիրակիսին (Հանրապետական կուսակցություն, Ֆլորիդա) և Դեյվիդ Վալադաոյին (Հանրապետական կուսակցություն, Կալիֆոռնիա), փոխնախագահ Բրեդ Շերմանին (Դեմոկրատական կուսակցություն, Կալիֆոռնիա), ինչպես նաև կոնգրեսականներ Մայք Քերիին (Հանրապետական կուսակցություն, Օհայո) և Դինա Տիտուսին (Դեմոկրատական կուսակցություն, Նևադա), որոնց ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններն ուղղված են գրադարանում ամերիկահայ պատմության և Հայոց ցեղասպանության մասին ուսուցանմանը։
Բաքվի «Իրավան» գրքերը՝ Կոնգրեսի գրադարանում
Ադրբեջանի պետական AZERTAG լրատվական գործակալությունը հոկտեմբերի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանցի պրոֆեսոր Ֆարիդա Սաֆիևայի՝ «Իրավանի» պատմությանը նվիրված երկու գրքեր ներառվել են Կոնգրեսի գրադարանի կատալոգում՝ հինգ հրատարակությամբ։
«Իրավան»-ը Բաքվի կողմից Երևանի համար կիրառվող անվանումն է։ AZERTAG-ը նշել էր, որ գրքերի ներառումը հաստատվել է հեղինակին ուղղված պաշտոնական նամակով։ Գրքերի շնորհանդեսները տեղի են ունեցել հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում և հոկտեմբերի 16-ին՝ Վաշինգտոնում։ Վաշինգտոնյան միջոցառման հրապարակված լուսանկարներում երևում են Սաֆիևան և գրադարանի աշխատակիցը՝ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բաժնի պաշտոնական ամբիոնի մոտ երկու գրքերը ձեռքին։
AZERTAG-ի տվյալներով՝ «Իրավան․ պատմական փաստաթղթերի լեզվով» գիրքը հրատարակվել է Ադրբեջանի կառավարության՝ հասարակական կազմակերպություններին պետական աջակցության գործակալության ֆինանսավորմամբ։ Չորս լեզվով հրատարակված «Իրավան․ պատմության արձագանքները և կորուսյալ ժառանգությունը» գիրքը ֆինանսավորել է Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևան։
«Վերջերս Բաքուն ընդլայնել է պատմական հիշողության դեմ իր հարձակումը՝ իրականացնելով նպատակային և առատորեն ֆինանսավորվող արշավ, որի նպատակն է պնդել, թե Հայաստանի մայրաքաղաքը պատմականորեն պատկանում է Ադրբեջանին։ Կոնգրեսի գրադարանում ներկայացված ադրբեջանական գրքերն այդ պետականորեն ուղղորդվող և ֆինանսավորվող տեղեկատվական գործողության մասն են, որի նպատակն է հիմք նախապատրաստել հայկական տարածքների նկատմամբ ադրբեջանական հավակնությունների համար »,- գրել է դոկտոր Կրիկորյանը։
Արցախը ջնջելուց մինչև Հայաստանի նկատմամբ հավակնություններ ներկայացնելը
Գրադարանում անցկացված միջոցառումը հաջորդել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ 2020 թվականի պատերազմին, սովի հանգեցրած շրջափակմանը և 2023 թվականին շուրջ 150 հազար բնիկ հայերի հայրենի հողերից ցեղասպանական էթնիկ զտմանը, որից հետո Բաքուն համակարգված կերպով ոչնչացրել և կեղծել է այնտեղ մնացած հայկական քրիստոնեական ժառանգությունը։
«Չբավարարվելով հայկական եկեղեցիների, վանքերի և գերեզմանատների ֆիզիկական ոչնչացմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի պատմությունը կեղծելու առաջամարտիկի դերը՝ հայերին դուրս մղելով իրենց բնիկ հողերի պատմությունից»,- գրել է դոկտոր Կրիկորյանը։
«Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը, որի վրա հիմնված են «Իրավան» գրքերը, ձևավորվել է ավելի քան երեք տասնամյակի ընթացքում։ Հեյդար Ալիևն առաջին անգամ այդ արտահայտությունն օգտագործել է 1996 թվականին՝ տնտեսական փոխաբերության իմաստով՝ «Արևմտյան Գերմանիայի» օրինակով պատկերացնելով կապիտալիստական այլընտրանք, առանց տարածքային նշանակության։ Սակայն 1998 թվականի դեկտեմբերին նա այդ անվանումը կիրառել է ներկայիս Հայաստանի Երևանի, Սևանա լճի և Զանգեզուրի շրջանների նկատմամբ։
2007 թվականին Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը աջակցել է «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գրքի հրատարակմանը, որտեղ հայկական եկեղեցիներն ու միջնադարյան հայկական ճարտարապետությունը ներկայացվել են որպես ադրբեջանա-թուրքական ժառանգություն։ Պատմական կեղծարարության այս արշավին զուգահեռ՝ 1997-2006 թվականներին Բաքուն ոչնչացրել է Նախիջևանում հայկական հազարավոր միջնադարյան հուշարձաններ, այդ թվում՝ Ջուղայի գերեզմանատան խաչքարերը։
Արցախի անկումից հետո Իլհամ Ալիևը բացահայտ ներկայացրել է այդ օրակարգը։ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին «Արևմտյան Ադրբեջանի համայնք» վերանվանված կառույցի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Ներկայիս Հայաստանը մեր հողն է» և ներկայացրել հաջորդ փուլի ծրագիրը. «Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, այս հարցը մեր օրակարգում է»։ Այնուհետև նա հանձնարարել է այդ արշավը տեղափոխել արտերկիր՝ հրահանգելով կազմակերպել «ցուցահանդեսներ, շնորհանդեսներ և միջազգային համաժողովներ», ինչպես նաև «կապեր հաստատել տարբեր երկրների քաղաքական շրջանակների, լրատվամիջոցների և օրենսդիր մարմինների հետ»։
Ալիևի հանձնարարականի իրականացումը Վաշինգտոնում
Կոնգրեսի գրադարանում անցկացված շնորհանդեսն այս տարի Վաշինգտոնում Բաքվի աջակցությամբ կազմակերպված երկրորդ միջոցառումն է, որն իրականացնում է այդ հանձնարարականը։
Հունիսի 24-ին 2023 թվականին ստեղծված, Ադրբեջանի հետ կապեր ունեցող «Բաքվի նախաձեռնության խումբը» համաժողով էր կազմակերպել Ռասելի Սենատի գրասենյակային շենքի Քենեդիի սենատորական քննարկումների դահլիճում՝ «Վերադարձի իրավունք և ինքնորոշում․ երկակի չափանիշներ և ընտրովի մոտեցումներ» խորագրով։ Մասնակիցներն ընդունել էին դիմում՝ ուղղված Կոնգրեսի անդամներին, որում պահանջվում էր, այսպես կոչված, «Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը Հայաստանի Հանրապետության տարածք։ Կոնգրեսի ոչ մի գրասենյակ հրապարակայնորեն չի հաստատել, որ հովանավորել է այդ միջոցառումը։
Բաքուն նման հավակնություններ է առաջ քաշում՝ միաժամանակ արգելափակելով Արցախից բռնի տեղահանված ավելի քան 150 հազար հայերի վերադարձը և շարունակելով հայ պատանդներին պահել իր բանտերում։
Գրադարանի ներգրավվածությունը Բաքվի խոսույթում հակասում է Կոնգրեսում քննարկվող օրենսդրական նախաձեռնություններին
H.R.10812 օրինագիծը՝ «Ամերիկահայերի մշակութային ժառանգության մասին» օրենքը, որը ներկայացրել է կոնգրեսական Քերին, հանձնարարում է գրադարանին կատալոգավորել և թվայնացնել ամերիկահայերին վերաբերող նյութերը և դրանք ներառել իր կրթական ծրագրերում։
H.R.2585 օրինագիծը՝ «Հայոց ցեղասպանության կրթության մասին» օրենքը, որը ներկայացրել է կոնգրեսական Տիտուսը՝ կոնգրեսականներ Բիլիրակիսի, Թեդ Լիուի և Վալադաոյի հետ միասին, հանձնարարում է գրադարանին իրականացնել 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից հայերի, ասորիների, հույների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների և այլ քրիստոնյաների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ համազգային կրթական ծրագիր։
Նույն Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բաժինը 2026 թվականի հուլիսի 16-ին ներկայացրել էր «Ամերիկահայ ժառանգությունը՝ 250 տարեկանում․ անդրադարձ գրադարանի հավաքածուներին» խորագրով միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել էին բնօրինակ նյութեր, ինչպես նաև դասախոսություն էր կարդացել հայագիտության և վրացագիտության մասնագետ դոկտոր Խաչիկ Մուրադյանը։
«Ակնկալում ենք ամբողջական պարզաբանումներ, որպեսզի նման միջադեպն այլևս չկրկնվի»,- եզրափակել է դոկտոր Կրիկորյանը։
Լուսանկարում՝ ադրբեջանցի հեղինակ Ֆարիդա Սաֆիևան և Կոնգրեսի գրադարանի աշխատակիցը հոկտեմբերի 16-ին գրադարանի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բաժնի ամբիոնի մոտ ներկայացնում են Բաքվի ֆինանսավորմամբ հրատարակված «Իրավան» գրքերը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: