«Թրամփի ուղի» նախագիծը Հայաստանում ավելի շատ հարցեր է առաջացնում, քան՝ պատասխաններ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
««Թրամփի ուղի» նախագիծը մեկնարկել է 2025 թվականին։ Սակայն, անկեղծ ասած, հայ-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ դեռևս ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Նախագծի ոչ մի նպատակ, այդ թվում՝ շինարարության պարամետրերն ու ժամանակացույցը, հարակից ենթակառուցվածքների օգտագործումը կամ բեռնափոխադրման հեռանկարները, հրապարակային չեն հայտարարվել։ Այս ամենից ոչինչ չի նշվել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան՝ պատասխանելով TRIPP նախագծի մեկնարկի վերաբերյալ հարցին։
Նրա խոսքով՝ «Թրամփի ուղին» մեծապես կրկնում է այն, ինչ մշակվել էր տրանսպորտի և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը համանախագահում էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը։ Սակայն, Երևանը դադարեցրեց իր մասնակցությունը այս խմբում 2023 թվականին։
Դիվանագետն ընդգծել է, որ «Թրամփի ուղի» նախագիծն արդեն քննադատության է արժանացել, մասնավորապես՝ իրանցի գործընկերների կողմից, որոնք պնդում են, որ Իրանի հյուսիսային սահմանին ամերիկյան ռազմական բաղադրիչի ցանկացած ֆիզիկական ներկայություն անընդունելի է։
«Մենք հիմնարար կարևոր ենք համարում, որ նախագծի իրականացման ընթացքում չանտեսվեն մեր երկրի և Իրանի շահերը։ Այս նախագիծը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի տարածաշրջանում։ Հակառակ դեպքում, այս տրանսպորտային և լոգիստիկ նախաձեռնությունը պարզապես դատապարտված է ձախողման»,- եզրափակել է Զախարովան։