Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը

Քաղաքականություն

26.11.2026 | 21:24

Իրանի՝ Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ) «ԱՊՀ+» ձևաչափով միանալու հարցը ներկայում որոշվում է։ Իսլամական Հանրապետությունը կարող է դառնալ առաջին երկիրը, որը կստանա նման կարգավիճակ։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կազմակերպության 35-ամյակի կապակցությամբ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Թուրքմենստանում Ավազայի գագաթնաժողովին (հոկտեմբերի 9-ին) առաջին անգամ մասնակցեց Իրանի նախագահը [Մասուդ Փեզեշքիանը], որը հայտարարեց, որ իրենք կցանկանային սկսել «ԱՊՀ+» ձևաչափը։ Այս հարցը, իհարկե, հետաքրքրություն  է առաջացրել ԱՊՀ անդամ շատ երկրների շրջանում։ Եվ, իմ զգացողությամբ, գնահատականները հիմնականում դրական են։ Այժմ որոշվում է հարցը, որ Իրանին տրամադրվի նման ձևաչափի հնարավորություն՝ որպես առաջին պետության»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Փեզեշքիանն առաջարկել էր ստեղծել «ԱՊՀ+1» կամ «ԱՊՀ+Իրան» ձևաչափը՝ որպես երկխոսության ճկուն մեխանիզմ։ Նրա կարծիքով՝ այդ շրջանակում Իրանը և Համագործակցության երկրները կկարողանան զարգացնել համագործակցությունը տարանցման, էներգետիկայի, առևտրի, օգտակար հանածոների արդյունահանման, ներդրումների և տեխնոլոգիաների ոլորտներում։

Իրանը դարձել է առաջին պետությունը, որը հրավիրվել է ԱՊՀ առաջնորդների հանդիպմանը՝ հատուկ հյուրի կարգավիճակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment