Պատգամավորները նաև պահանջել են ազատ արձակել Վրաստանում քաղբանտարկյալներին։
Եվրոպական խորհրդարանը Եվրամիությանը կոչ է արել թիրախային պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և իշխանության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ։
Պատժամիջոցների ենթակա անձանց թվում նշված են վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Կոչը վերաբերում է նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների, դատախազների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների։ Պատժամիջոցները կարող են ներառել ակտիվների սառեցում և Եվրամիություն մուտքի արգելք։
Եվրախորհրդարանը պահանջում է ազատ արձակել Վրաստանի քաղբանտարկյալներին
Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են աշխարհահռչակ վրացի օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի, ընդդիմադիր քաղաքական գործիչներ Իրակլի Նադիրաձեի և Պաատա Մանջգալաձեի նկատմամբ կայացված դատավճիռները և կոչ արել անհապաղ ու անվերապահ ազատ արձակել Վրաստանի բոլոր քաղբանտարկյալներին ու ապօրինի ազատազրկված անձանց, այդ թվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և 2025 թվականի Սախարովի անվան մրցանակի դափնեկիր Մզիա Ամաղլոբելիին։
Պատգամավորները նշել են, որ իշխանությունները պետք է լիարժեքորեն պահպանեն արդար դատաքննության միջազգային չափանիշները և դադարեցնեն արվեստագետների, ընդդիմության ներկայացուցիչների, լրագրողների ու ակտիվիստների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներն ու դատական ճնշումները։
Եվրախորհրդարանը կարևորել է ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման, ահաբեկման և վատ վերաբերմունքի մասին հաղորդումների անկախ քննությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը։
Եվրախորհրդարանը նաև պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման, ահաբեկման և դաժան վերաբերմունքի մասին հաղորդումների առնչությամբ։
Եվրախորհրդարանը վերահաստատել է իր աջակցությունը վրաց ժողովրդին և նրա ժողովրդավարական ձգտումներին՝ ընդգծելով, որ իրավունքի գերակայության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և հիմնարար իրավունքների պահպանումը կարևոր է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Վրաստանի առաջընթացի համար։
«Պաատա Բուրչուլաձեի գործը և քաղբանտարկյալները «Վրացական երազանքի» վարչակարգի օրոք» վերնագրով բանաձևն ընդունվել է այսօր՝ 441 կողմ, 47 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 86 պատգամավոր ձեռնպահ է մնացել։
«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: