«Հովհաննես Հակոբյանը կանցնի, որովհետև Դավիթ Համբարձումյանին չեզոքացնելու են»․ Գայանե Պապոյանն ահազանգում է՝ Մասիսի ՔՊ շտաբում նման հայտարարություններ են հնչում

Մասիս խոշորացված համայնքի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի մասնակցությունը դեկտեմբերի 14-ին համայնքում կայանալիք ընտրություններում կարող է չեզոքացվել․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում իր մտահոգությունը կրկնեց փաստաբան Գայանե Պապոյանը։ Դեռ երեկ երեկոյան, փաստաբանն ահազանգել էր, որ ծանուցում են ստացել՝ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 27-ին կհրապարակի պաշտպանության և դատախազության բողոքների վերաբերյալ որոշումը։

«Այս շտապողականությունը կապում ենք ընտրությունների հետ։ Մտահոգված ենք, որ դատարանը կկայացնի որոշում, որը Համբարձումյանին կչեզոքացնի ընտրություններում։ Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ է ընդունել հոկտեմբերի 19-ին։ Իմ աշխատանքային գործունեության ընթացքում նման շտապողականություն չեմ տեսել»,– կրկին ահազանգեց Գայանե Պապոյանը։ Պաշտպանական կողմն, առհասարակ, ողջամիտ կասկած ունի, որ դատարանը քաղաքական շահ է սպասարկում։

Դիմումներ են ուղարկել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին և այլ միջազգային կազմակերպություններ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրագրողների հարցերին ի պատասխան, Գայանե Պապոյանն ասաց, որ իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» շտաբում խոսում են, որ թե իրենց թեկնածուն՝ Մասիսի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետի որդին՝ Հովհաննես Հակոբյանը «կանցնի, որովհետև Դավիթ Համբարձումյանին չեզոքացնելու են»։

«Արդեն մեկ ամիս է՝ նման խոսակցություններ են շրջանառվում։ Չէինք կարծում, որ Վճռաբեկ դատարանն այդքան հապճեպ կներգրավվի գործընթացում։ Բայց համադրելով լուրերն ու դատարանի գործողությունները՝ հանգում ենք այն եզրակացության, որ դատարանը մտադիր է քաղաքական շահ սպասարկել»,– ասաց փաստաբանը։

Նա նաեւ մանրամասնում է՝ Դավիթ Համբարձումյանին «չեզոքացնելու» համար Վճռաբեկ դատարանը կարող է հաստատել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ուժի մեջ թողնել 6 տարի 3 ամիս կալանքը։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատարանն ակնհայտորեն չէր կարող հասցնել ուսումնասիրել գործը, ուստի, եթե  նման որոշում կայացվի, դա կլինի հանցագործություն։ Նման պարագայում, պաշտպանական կողմը կդիմի ՄԻԵԴ։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ բողոքները ստանալուց հետո, անցած կարճ ժամանակում, Վճռաբեկ դատարանը չէր կարող ամբողջությամբ ուսումնասիրել գործը։ Գայանե Պապոյանը Վճռաբեկ դատարանի դատավորներին կոչ արեց հավատարիմ մնալ երդմանը և որոշում կայացնել՝ ելնելով արդարադատության շահերից։

Դատարանի՝ նման որոշման պարագայում, ի դեպ Դավիթ Համբարձումյանին սպառնում է երկու տարուց մի փոքր ավել կալանք՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Դավիթ Համբարձումյանին մեղադրանքներ էր առաջադրել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ցուցարարների վրա հարձակվելու, ինչպես նաև նույն օրը Էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգությունների համար։ Համբարձումյանին կալանավորել էին, ապա ազատ արձակել հինգ միլիոն դրամ գրավի դիմաց։

«Դատական պրակտիկայում նման մեղադրանքով վեց տարի երեք ամիս ազատազրկում չի եղել։ Եթե դատարանը մինչև վեց տարի ժամկետով պատիժ նշանակեր, համաներում կկիրառվեր։ Ենթադրում եմ՝ դատավոր Ժորա Չիչոյանը հենց համաներումը բացառելու նպատակով է այդ որոշումը կայացրել։ Նույն դատավորը ծանր հանցագործությունների գործերով շատ ավելի մեղմ որոշումներ է կայացրել»,– հիշեցրեց Գայանե Պապոյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment