Հայկական PR ասոցիացիայի նախագահ, Հայկական PR ակադեմիայի հիմնադիր, գիտությունների դոկտոր, դոցենտ, ռազմավարական հաղորդակցության և մեդիայի փորձագետ Աստղիկ Ավետիսյանը հաղթող է ճանաչվել Eventiada Awards 2026 միջազգային մրցանակաբաշխության անհատական անվանակարգում։
Նոյեմբերի 24-ին Մոսկվայում կայացավ հաղորդակցության ոլորտի Eventiada Awards միջազգային մրցանակաբաշխության հոբելյանական՝ 15-րդ հանդիսավոր արարողությունը։
Աստղիկ Ավետիսյանին մրցանակը շնորհվել է կազմակերպիչների հատուկ որոշմամբ և անակնկալ էր նրա համար, քանի որ միջոցառմանը մասնակցում էր որպես միջազգային ժյուրիի անդամ։
Այս ճանաչումը խորհրդանշական է հատկապես այն առումով, որ 2026 թվականին լրանում են Աստղիկ Ավետիսյանի մասնագիտական գործունեության 30-ամյակը, Հայկական PR ասոցիացիայի հիմնադրման 20-ամյակը, Հայկական PR ակադեմիայի և Հայկական PR մրցանակաբաշխության 11 ամյակը։
Երեք տասնամյակ շարունակ նրա գործունեությունն ուղղված է եղել Հայաստանում հանրային կապերի ինստիտուցիոնալ զարգացմանը, հաղորդակցության մշակույթի ձևավորմանը, մասնագիտական կրթության կատարելագործմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։
Նրա նախաձեռնությամբ հիմնադրված Հայկական PR ակադեմիան նպաստում է նոր սերնդի մասնագետների պատրաստմանը՝ համադրելով ակադեմիական գիտելիքը, գործնական փորձը և ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաները։
Աստղիկ Ավետիսյանը դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում։
Նա մասնագիտական գրքերի, մենագրության և գիտական հոդվածների հեղինակ է։ Նրա գիտահետազոտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հանրային կապերը, ռազմավարական հաղորդակցությունը, հեղինակության կառավարումը, նոր մեդիան, մեդիակրթությունը և մեդիասեմիոտիկան։
Շնորհված մրցանակը ոչ միայն անհատական ձեռքբերում է, այլև հայկական PR ակադեմիայի, միջազգային ճանաչման և մասնագիտական հեղինակության ամրապնդման կարևոր դրսևորում։
2011 թվականին հիմնադրված Eventiada Awards-ը համախմբում է հաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, համալսարանների ներկայացուցիչների և անկախ փորձագետների։
2026 թվականին մրցույթին աշխատանքներ էին ներկայացվել ութ երկրից։
Մրցանակաբաշխության հիմնական ուղղություններն են հանրային կապերը, ռազմավարական և կորպորատիվ հաղորդակցությունը, գովազդը, մարքեթինգը, կայուն զարգացումը և սոցիալական պատասխանատվությունը։
Հայկական PR ասոցիացիան Eventiada Awards-ի միջազգային գործընկեր կազմակերպություններից է։
Պաշտոնական կայքեր՝ www.eventiada.com, www.armpr.org
Մամուլի հաղորդագրություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: