Արդեն հայտնել ենք, որ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը ստանձնել է Տիգրան Արզաքանցյանը։
«Մոսկվայում է այդ որոշումը կայացվել, խորհրդի կողմից»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արզաքանցյանը՝ չպատասխանելով հարցին, թե ով է կոնկրետ իրեն առաջադրել, կամ քանի՞ թեկնածուից է հենց ինքն ընտրվել։
Մեր զրուցակիցը նշեց, որ այսօրվանից անցնում է աշխատանքի, լինելու է ինստիտուտում, բայց դեռ չգիտի իր անելիքը, տեղյակ չէ, թե նախորդ 5 տարիներին ինչ է արվել, ինչն է բաց մնացել։ «Առաջին օրն ա, կծանոթանամ, հետո կիմանաք․ փոփոխություններ հաստատ կլինեն զարգացնելու ենք ինստիտուտը, տարբեր ծրագրեր ունենք, ուսանողներին էլ ենք ներգրավելու։ Չենք ուզում մենակ ինստիտուտի մակարդակով լինել։ Ես տեխնոլոգիչսկիյ կապեր ունեմ ամբողջ աշխարհում, էդ եմ ուզում Հայաստանում զարգացնել։ Կապերը շատ են, կգնանք-կգանք»,- նշեց Արզաքանցյանը։
Մեր զրուցակիցը նկատեց՝ իր մասնագիտությունը մոտ չէ ստանձնած պաշտոնին, բայց փորձը մեծ է։ «Доктор коммерции դիպլոմ եմ ստացել ժամանակին, ունեմ շատ մեծ փորձ աշխատանքային, կազմակերպչական, ու ինձ թվում է՝ այսքանով հերիք է»,- նկատեց Արզաքանցյանը՝ հավելելով, որ իրեն այս նույն պաշտոնում նշանակվելու առաջարկ եղել է նաև թե՛ 5 տարի առաջ, թե՛ 10 տարի առաջ, բայց միայն հիմա է որոշել ընդունել այդ առաջարկը։
«Ամեն ինչ անելու ենք, հանուն պետության զարգացման բոլորի հետ էլ աշխատելու ու համագործակցելու եմ»,- ամփոփեց խոսքը Տիգրան Արզաքանցյանը։