Կարող էր հրաժարական տալ, բայց չի արել. Փաշինյանը` Արմեն Գրիգորյանի մասին

Եթե ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը ուներ սկզբունքային այլ դիրքորոշում, ապա պետք է հրաժարական տար, հատկապես երբ ԱԺ–ում ԵՄ մասին օրենքն ընդունվեց։ ՀՀ կառավարության նիստից հետո այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նա տեղյակ է եղել Գրիգորյանի այս դիրքորոշման մասին, և արդյոք Գրիգորյանն իր հայտնի հոդվածով արտահայտել է վարչապետի իրական դիրքորոշումները ԵՄ–ի, ԵԱՏՄ–ի մասին։

«Այդպիսով նա կարող էր նաև արտահայտել իր անհամաձայնությունը։ Ես եմ որոշում կայացրել, որ պարոն Գրիգորյանը ԱԽ քարտուղարի պաշտոնում չպետք է աշխատի։ Իհարկե, ես նրան այլ աշխատանք առաջարկել էի, ինքը հրաժարվել է։ Իսկ Գրիգորյանը հրաժարական չի տվել ոչ օրենքի ընդունման ժամանակ, ոչ էլ ընտրություններից հետո, և նրա այդ դիրքորոշումները տարօրինակ են»,– նշեց վարչապետը։

Նա վստահեցրեց, որ Գրիգորյանի միջոցով ինքը որևէ դիրքորոշում չի հայտնել և ընդհանրապես այս ընթացքում չի հանդիպել նրա հետ։

Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանի «ԵՄ անդամակցության պատրանքը» վերնագրով հոդվածը լայն քննարկումների և արձագանքների ալիք է բարձրացրել քաղաքական դաշտում: Նա գրել է, որ Եվրամիությանն անդամակցելու գաղափարը գրավիչ է թվում, սակայն պետք է հաշվի առնել մի շարք քաղաքական, աշխարհագրական և տնտեսական հանգամանքներ, որոնք այդ նպատակը դարձնում են անիրատեսական։

Sputnik Արմենիա

Leave a comment