ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Աշխաբադում Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Աննագելդի Սապարովի հետ քննարկել է էներգետիկ համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Կողմերը կարևորել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացումն ու խորացումը։ Քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Խուդաթյանը հանդիպել է նաև Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Մամմետ Ակմամմեդովի և ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Բեգենչ Աննադուրդիևի հետ։
Հանդիպումների ընթացքում նախարարը կարևորել է Թուրքմենստանի հետ տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության հետագա զարգացումը՝ հաշվի առնելով երկու երկրների տարանցիկ ներուժը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման հնարավորությունները։
Խուդաթյանի խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային տրանսպորտային ուղիների զարգացումը և շահագրգռված է ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանային կապակցվածության խթանման գործընթացներում։
Նախարարը կարևորել է նաև երկաթուղային ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները՝ ներառյալ ենթակառուցվածքների կառավարումը, թվայնացումը, շարժակազմի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը։