Դենիս Ջորկաեֆը կմասնակցի «Ֆուտբոլ 2030» հանրային քննարկմանը (PAN.am)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը հաստատել է իր մասնակցությունը «Ազգային Ստադիոն» նախագծի նախաձեռնած «Ֆուտբոլ 2030» հանրային քննարկմանը։

Քննարկումը նախատեսված է դեկտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ին։ Այն կանցկացվի «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի «Արմենիա» դահլիճում։ Հանդիպմանը հնարավոր կլինի ուղիղ եթերով հետևել «Ազգային Ստադիոնի» յութուբյան ալիքում, հայտնում է Արմենպրեսը:

«Շնորհակալ եմ հրավերի համար։ Վստահ եմ, որ հայկական ֆուտբոլի ապագան պետք է կառուցվի բաց երկխոսության, կարծիքներ լսելու և իրական խնդիրների շուրջ անկեղծ քննարկումների միջոցով։

Ինձ համար կարևոր է անմիջականորեն հանդիպել ակումբների ներկայացուցիչներին, ֆուտբոլասերներին, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները, ներկայացնել հայկական ֆուտբոլի զարգացման իմ տեսլականը և պատասխանել հուզող հարցերին։

Համոզված եմ՝ հայկական ֆուտբոլի ապագան մեր ընդհանուր պատասխանատվությունն է, և դրա համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը։ Սիրով կմասնակցեմ քննարկմանը և ակնկալում եմ բովանդակալից հանդիպում»,- գրել է Դենիս Ջորկաեֆը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին: Ֆեդերացիայի նախագայի թեկնածուները երկուսն են` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ու ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական Դենիս Ջորկաեֆը:

Leave a comment