Ռյաբկով․ ՌԴ-ն ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգային ճարտարապետության իր դիրքորոշումը

Նոյեմբերին Աբու Դաբիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը փոխանցել է հակամարտության ավարտից հետո անվտանգության ճարտարապետության հարցով հնարավոր լուծումների վերաբերյալ իր դիրքորոշումը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Նախորդ փուլի ընթացքում գործընկերները մեզանից ստացել են շատ մանրամասն պատկերացում այն մասին, թե ինչն է Ռուսաստանը համարում խնդիր, և ինչը կարող է դիտարկել որպես առաջ շարժվելու ուղի ու ապագա կարգավորման շրջանակ», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան բանակցությունների հաջորդ փուլի համար պատրաստում է նոր առաջարկներ, որոնք կվերաբերեն հակամարտությունից հետո անվտանգության ճարտարապետությանը։

Ռյաբկովի խոսքով՝ այնտեղ չկա մի բան, որը կարող է ընկալվել որպես անսպասելի որևէ բան»։

Ինչ վերաբերում է բանակցությունների նոր փուլին, ապա, ըստ ՌԴ ԱԳ փոխնախարարի, այս պահին պատկերացում չկա, թե երբ այն կանցկացվի:

«Մենք հիմա իսկապես պատկերացում չունենք, թե երբ է տեղի ունենալու հաջորդ փուլը։ Բայց ես կասկած չունեմ, որ կանցկացվի», – նշել է Ռյաբկովը։

Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին և 11-ին Աբու Դաբիում կայացան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները: Ռուսական խումբը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը հայտնեց` եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցը հանդիպման առանցքային թեման էր: Նա նաև նշեց, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նոր լայնածավալ փոխանակման մասին:

Sputnik Արմենիա

Leave a comment