Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020-ին բանակի համար ընդունված զրահաբաճկոնների ներդիրներին

Հասարակություն

26.11.2026 | 09:52

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Ըստ նրա փաստաբանական թիմի՝ մեղադրանքը վերաբերում է 2020 թվականին զինված ուժերի համար զրահաբաճկոնների ներդիրների ընդունման որոշմանը, որը կայացվել է մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունների հիման վրա։

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ նախաքննության ընթացքում իրականացված համալիր փորձաքննությունը հաստատել է, որ ներդիրներն ապահովում են զինծառայողների կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը։ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ փաստաբանները պնդում են, որ գործի նյութերը հերքում են ներկայացված մեղադրանքը։

Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝ ստորև․

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Մեղադրանքը վերաբերում է 2020թ. զինված ուժերի համար զրահաբաճկոնների բալիստիկ ներդիրներ ընդունելու մասին որոշմանը, որը կայացվել է մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունների հիման վրա։

Նախաքննական մարմնի նշանակած համալիր փորձաքննությունը հաստատել է, որ ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը։

Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Պաշտպանությունը համոզված է, որ գործի նյութերը ոչ միայն չեն հիմնավորում մեղադրանքը, այլև հերքում են այն։ Դա կապացուցվի դատաքննության ընթացքում՝ ապացույցների հրապարակային հետազոտմամբ»։

Հիշեցնենք, որ նախօրեին Factor.am-ը տեղեկացրել էր, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Տոնոյանը կրկին մեղադրյալի աթոռին է հայտնվել այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

 

Leave a comment