«Ես մոտ մեկ ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել, սա նորմա՞լ է». Ռոբերտ Քոչարյան

«Կամ պիտի կարտոֆիլի պես գաս, այստեղ նստես, կամ մի գիրք բերես, կարդաս…»,- հակասահմանադրական ճանաչված՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստի ժամանակ իր վրդովմունքը բարձրաձայնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հարցն այն է, որ արդեն հինգերորդ դատական նիստն է, դատախազը կարդում է վկաների ցուցակը և նրանց ցուցմունքների մասերն է ներկայացնում, թե քրեական գործի ո՞ր մասում են դրանք նկարագրված․ այս քրեական գործը մոտավորապես 120 հատոր է։ Այն սկսվել է 80 հատորից, հիմա՝ 120 հատոր է։ Նախագահը հայտարարեց, որ վկաների ցուցմունքներին ծանոթանալու հնարավորություն ինքը չունի։ Նկատեց՝ գործի ինչ-որ մի փուլում այդ հնարավորությունն իրեն պետք է տրվի։

«Երևի իրավունք ունեմ ծանոթանալու գործին, վկայի ցուցմունքին, որը եղել է, հասկանալ՝ ի՞նչ հարցեր կարող են տալ և այլն։ Ես ակտիվ պաշտպանվելու իրավունք ունեմ և ուզում եմ դա անեմ, բայց այդ հնարավորությունը ես չունեմ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ մանրամասնելով, որ գործի նախորդ քննության ընթացքում քրեական գործի հատորների էլեկտրոնային տարբերակն իր համակարգիչ է մուտք արվել ՔԿՀ-ի մասնագետի կողմից, վերջինս նաև հավաստիացել է, որ համակարգիչն ինտերնետ հասանելիություն չունի․ «Եվ ես դատական նիստերին գալիս էի, հնարավորություն կար հետևել, որովհետև էլեկտրոնային սարք ունենալը առանց ինտերնետի արգելված չի։ Հիմա մենք դիմել ենք՝ իմանալով, որ այդ փուլի մեջ ենք մտել, ասում են՝ ոչ․ երևի սպասում է, որ ինչ-որ մի տեղից պիտի ասեն, թե ինչ պիտի անեն, ես չգիտեմ»։

Դատավոր Սարգիս Պողոսյանը զարմացավ, ասաց, որ իր իրավասության մեջ չէ նման թույլտվություն տալը, բայց նաև չի հասկանում, թե վարույթ իրականացնող մարմինն ինչո՞ւ է նման պատասխան տվել։

Փաստաբան Արամ Օրբելյանը պարզաբանեց՝ քննիչը թույլատրել է, քրեակատարողական հիմնարկը պետք է իրագործի, բայց իր գնահատմամբ՝ հարցը քրեակատարողական հիմնարկի բյուրոկրատական գործընթացների հետ է կապված։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ իր պահման պայմաններին․ «Անկեղծ ասած, չէի ուզում անդրադառնալ պահման պայմաններին, բայց ես մոտ մեկ ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել, սա նորմա՞լ է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment