Բաց թողնված չվերթ, չեղարկված ելքի կնիք, ժամեր ոստիկանության բաժնում, իսկ պատճառը քունն էր, որ խախտվել էր վերջերս միլիոնավորների ուշադրության կենտրոնում գտնվող GTA VI համակարգչային խաղի արդյունքում։ Սա զվարճալի, բայց ուսուցողական պատմություն է այն մասին, թե ինչպես շուրջ 15 տարվա փորձով լրագրողս քիչ էր մնում տանուլ տայի անչափ կարևոր գործուղումը։
Լրագրության մեջ 15 տարվա փորձս սովորեցնում է հասցնել գրեթե ամենուր, չուշանալ վերջնաժամկետներից և երբեք բաց չթողնել ինքնաթիռը։ Իհարկե, եղել են բացառություններ, սակայն այս տարի շուրջ 160 թռիչք եմ ունեցել, ու իմ պատճառով դեռ թռիչք բաց չէի թողել։ Բայց նույնիսկ այդ փորձն անզոր է, երբ առավոտյան 6:30-ի թռիչքից առաջ երեք-չորս օր անընդմեջ անցկացնում ես նոր թողարկված GTA VI-ի աշխարհում։ Ի դեպ, իսկապես հրաշալի աշխարհ է, արժե փորձել։
Պլանավորել էի եվրոպական արագ ու հաշվարկված ուղևորությունը՝ Երևանից թռիչք դեպի Բուդապեշտ, այնտեղից գնացքով Բրատիսլավա՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի «Սլովան» – «Բետիս» հանդիպումը լուսանկարելու նպատակով։ Իդեալական թվացող պլանը վերածվեց «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում անցկացրած առավոտվա։ Պատճառը զավեշտալի է. պարզապես չդիմացա քնելու գայթակղությանը հենց մեկնման N3 ելքի մոտ։
Սկզբում ամեն ինչ գրագետ, լրագրողական հաշվարկի տրամաբանության մեջ էր։ Wizz Air All-to-Fly բաժանորդագրությամբ, որը թույլ է տալիս թռիչքից 72-ից 6 ժամ առաջ որսալ մինչև 10 եվրո արժողությամբ կամ նույնիսկ անվճար միջազգային տոմսեր, հասցրել էի անվճար տեղ ամրագրել դեպի Բուդապեշտ թռչող օդանավում։ Առավոտյան ժամը 4:45-ին արդեն օդանավակայանի սպասասրահում էի՝ սահմանային և անվտանգության վերահսկողությունն անցած, մեկնումից ավելի քան մեկուկես ժամ առաջ։
N3 ելքի մոտ դեռ ընթանում էր դեպի Պրահա չվերթի ուղևորների նստեցումը։ Ժամանակ կար, իսկ երեք-չորս օրվա GTA VI-ից կուտակված անքնությունն անհաղթահարելի էր։ Ծանոթ-հարազատ էլ չկար, որ կարելի կլիներ խոսքի բռնվել ու արթուն մնալ։ Հարմար տեղ գտա սպասասրահում առկա հարմարավետ նստարանին, հենց N3 ելքի մոտ, աչքերս փակեցի ընդամենը մի քանի րոպեով, և… խորը քնեցի։ Երբ աչքերս բացեցի, ժամացույցը ցույց էր տալիս 6:15։ Բուդապեշտի ելքն արդեն փակ էր։
Չնայած ինքնաթիռը դեռ թռիչքուղում էր և պետք է օդ բարձրանար 6:30-ին, ելքի աշխատակիցներին համոզելու փորձերն ապարդյուն անցան։ Դրաման ևս չօգնեց. նրանք անդրդվելի էին իրենց պնդման մեջ՝ ելքը փակվում է թռիչքից 30 րոպե առաջ։ Պարզվեց նաև՝ անունս բարձրախոսով հայտարարել էին մոտ յոթ անգամ, նույնիսկ փորձել էին զանգահարել, բայց ապարդյուն․ ելքի կողքին քնածս ոչինչ չէի լսել ու ամեն ինչից անտեղյակ էր։ Ինքնաթիռի դուռն այդպես էլ չբացեցին ինձ համար։ Բայց բաց թողնված թռիչքը միակ անհաջողությունը չէր։
Սահմանային հսկողությունն անցած ուղևորը չի կարող պարզապես շրջվել ու դուրս գալ օդանավակայանից կամ փորձել արագ նոր տոմս գտնել հաջորդ թռիչքների համար։ Այդ մասին իմացա այսօր, նախկինում նման փորձառություն չէի ունեցել։ Կանչեցին նախ ԱԱԾ սահմանապահներին, ապա ոստիկանության աշխատակիցներին, և ինձ նախ ուղեկցեցին սահմանային անցակետ, որտեղ անվավեր համարեցին անձնագրում դրված ելքի կնիքը, որից հետո ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխեցին օդանավակայանին հարակից ոստիկանության բաժանմունք։ Իհարկե, առավոտը բավականին հետաքրքիր էր օդանավակայանին կից գործող ոստիկանական բաժանմունքում։ Ես միայնակ չէի այնտեղ և միակ արկածախնդիրը չէի. ինձ հետ միասին ոստիկանները ուղեկցում էին նաև երկու այլ ուղևորների (չկարողացա ճշտել, թե որ ուղղությամբ էին ուզում մեկնել), որոնք օդանավակայանում պատահաբար հայտնաբերել էին ու պարզել՝ իրենց նկատմամբ հետախուզում է հայտարարված ու չեն կարող լքել Հայաստանը։
Ոստիկանության աշխատակիցը վերցրեց անձնագիրս և նստեցման կտորը, բացատրեց՝ ստիպված եմ սպասել, մինչև Երևանից մեկնած ինքնաթիռը վայրէջք կատարի Բուդապեշտում։ Սա անվտանգության կանոն է, գուցե՝ ես դիտավորությամբ եմ բաց թողել թռիչքը, քանի որ ինչ-որ բան եմ պլանավորել։ Ըստ չվացուցակի՝ վայրէջքը նախատեսված էր Բուդապեշտի ժամանակով 7:10-ին՝ Երևանի ժամանակով 10:10-ին։
Օդանավակայանի ոստիկանության օպերատիվ և մարդակենտրոն աշխատանքի շնորհիվ սպասումս սպասվածից կարճ տևեց․ 9:30-ից 10:00-ի սահմաններում, երբ օդանավն արդեն մոտենում էր Հունգարիայի սահմաններին (կարելի էր հետևել FlightRadar24-wv), անձնագիրս վերադարձեցին, ու ես ազատ էի, կարող էի նոր թռիչք ամրագրել կամ վերադառնալ տուն։ Վերադարձա տուն։
Ուրիշը գուցե ձեռքը թափ տար օդում կամ գլուխը բռներ այս արկածից հետո, բայց ոչ 15 տարվա փորձ ունեցող լրագրողս։ Երեքշաբթի օրվա Երևան-Բրատիսլավա ուղիղ չվերթի տոմսն արդեն գրպանումս է, իսկ «Առավոտ»-ի ընթերցողները կստանան ոչ միայն վաղը կայանալիք «Սլովան» – «Բետիս» հանդիպման լուսանկարները, այլև մի պատմություն, որը փաստացի սկսվեց խաղի մեկնարկային սուլիչից շատ առաջ։
Հարություն ԾԱՏՐՅԱՆ
Լուսանկարը՝ Հարություն Ծատրյանի ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: